Մատչելիության հղումներ

Չնայած կառավարության աջակցությանը, արցախցիներից շատերը դեռ օգնության ու կացարանի կարիք ունեն


Կառավարությունն այսօրվանից սկսեց տեղահանված բոլոր արցախցիներին միանվագ 100 հազարական դրամ տրամադրել։ Փարաքարի միասնական կենտրոնում առավոտից մի շարք արցախցիներ փորձում էին հասկանալ՝ ե՞րբ և ինչպե՞ս պետք է ստանան այդ գումարը։

«Ոչ մի օգնություն մինչև էսօր չենք ստացել, ոչ մի բան», - ասաց Կարո Հովսեփյանը:

Մարտունեցի Կարո Հովսեփյանի պես շատերն էին պատմում՝ առաջին ձեռք մեկնողները հեռու-մոտիկ ազգականները, պարզապես հոգատար անծանոթներն են եղել։ Բայց այսօր արդեն զանգել կանչել են Փարաքարի կենտրոնից՝ մահճակալներ կարծես կան։

«Խոստացված 100 հազարական դրամները փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին և եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են բանկային քարտեր»,- օրվա երկրորդ կեսին Ֆեյսբուքում գրեց վարչապետը՝ ընդգծելով՝ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին և 75-ից բարձր մարդկանց գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստ»-ով:

Ավելի վաղ Փաշինյանի խոսնակը՝ Նազելի Բաղդասարյանն էր հայտնել, որ բուն գործընթացը ավելի ինտենսիվ կմեկնարկի երկուշաբթի օրվանից։ Կառավարությունը հաշվեհամար չունեցող տեղահանվածերին հորդորում է շտապել բանկ։

«Այժմ տեղի է ունենում տվյալների համադրումը, և գումարների փոխանցման գործընթացն արդեն այսօր իսկ կմեկնարկի, այսինքն որոշակի թվով անձինք այսօր իսկ այդ գումարները կստանան: Նշեմ, որ բանկային գործարքներն իրականացվելու են աշխատանքային օրերի ընթացքում, և եթե դուք այսօր այդ գումարը չեք ստացել, բայց ունեք հաշվեհամար, հավանաբար արդեն հաջորդ շաբաթվա սկզբին՝ երկուշաբթի կամ երեքշաբթի օրերին գումարային փոխանցումները կիրականացվեն», - նշեց Բաղդասարյանը:

Սպասվում է, որ առաջիկա օրերին կառավարությունը կհաստատի ևս մեկ որոշում, ըստ որի Հայաստանում բնակարան չունեցող տեղահանված արցախցիներին կտրամադրվի նաև 50 հազար դրամ՝ տան վարձակալության և կոմունալների համար:

Ավելի քան 100 հազար տեղահանված մարդկանց կեսին պետությունն ապահովել է ժամանակավոր կեցության վայրով, զգալի մասը մարզերում են: Այդուհանդերձ, Միասնական սոցիալական ծառայության կենտրոնները շարունակում են ծանրաբեռնված աշխատել։

«Ազատությունը» հենց տեղում հանդիպեց մարդկանց, ովքեր մինչև օրս կացարան չունեն, ոմանք անգամ արդեն քանի օր է գիշերել են բաց երկնքի տակ։

«Դրսում էինք ապրում աղջկաս հետ, եկեղեցու հայաթում, ոչ ոք չունենք այստեղ, հետո խորհուրդ տվեցին, գնացինք կենտրոն, իրանք էլ մեզ ուղարկեցին այստեղ, այստեղ սպասում ենք, որ մի կերպ տեղավորեն ինձ», - ասաց արցախցի Էլմիրա Ներսիսյանը:

Ստեփանակերտից 74-ամյա Էլմիրա Ներսիսյանին իր հաշմանդամ դստեր հետ սեպտեմբերի 29-ին է դուրս եկել.... ասում է՝ ոչ մի հարազատ Հայaստանում չունի, պատահական մարդկանց միջոցով է իմացել աջակցության կենտրոնի տեղը։

«Չգիտեինք՝ ում դիմենք, ինչ անենք, էդ օգնությունը, որ տան, մի բան կանենք, մինչև գործի ընդունվեմ», - նշեց նա:

Այսօր խոստացել են կացարանով ապահովել: Ասաց՝ լավատես է, հավատում է՝ այս գիշեր 4 պատի ներսում կլուսացնեն։

Միայնակ թոշակառու Յաշա Մովսիսյանն Ասկերանի Նորագյուղից սեպտեմբերի 27-ից ճանապարհ էր ընկել, երկու օր հետո հասել Երևան։ Ասում է՝ իր փրկիչը դեռ եղբոր դուստրն է՝ հաց, տեղ տվել է, իր տանը պահում է, բայց սովոր չէ ուրիշի հաշվին ապրել:

Հարմար կացարան, շատերի համար սա դեռ գերխնդիր է, բայց մեզ հանդիպած արցախցիներից շատերն էին ասում՝ լավատես են, հույսը չի մեռել։

XS
SM
MD
LG