Իսրայելը պահանջել է, որ 1,1 միլիոն մարդ առաջիկա 24 ժամվա ընթացքում լքի Հյուսիսային Գազայի հատվածը։
Ըստ BBC-ի՝ Իսրայելի զինվորականներն այդ մասին տեղեկացրել են ՄԱԿ-ին կեսգիշերից անմիջապես առաջ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ «Համասի» գրոհայինները թաքնվում են քաղաքի տակ գտնվող թունելներում և խաղաղ բնակիչներով բնակեցված շենքերի ներսում: Իսրայելը խաղաղ բնակիչներին կոչ է արել հեռանալ քաղաքից «ձեր և ձեր ընտանիքների անվտանգության համար և հեռու մնալ «Համասի» ահաբեկիչներից, որոնք օգտագործում են ձեզ որպես կենդանի վահան»:
«Հաջորդ օրերին Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի զգալի գործողությունները Գազա քաղաքում և լայնածավալ ջանքեր կգործադրի խաղաղ բնակչությանը վնաս չտալու համար», - ավելացրել է Իսրայելի պաշտպանության բանակը։
ՄԱԿ-ը խստորեն կոչ է արել չեղարկել տարհանման հրամանը՝ ասելով, որ տարհանումը կարող է հանգեցնել «աղետալի իրավիճակի» և ունենալ «ավերիչ հումանիտար հետևանքներ»:
Հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համասի»ի զինյալները Գազայի գոտուց սկսեցին հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարեցին, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: «Համասն» էլ հակադարձեց՝ իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով։ Իսրայելի և պաղեստինցիների զոհերի թիվն անցել է 2 հազարը, վիրավորներինը՝ 10 հազարը։