Մատչելիության հղումներ

Էրդողանն ու Գուտերեշը քննարկել են Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

Ըստ Anadolu գործակալության՝ քննարկվել են իսրայելա-պաղեստինյան հակամարտությանն առնչվող հարցեր, գնահատվել են Թուրքիայի միջնորդական ջանքերով տարածաշրջանի անմեղ խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունները։

Էրդողանն ընդգծել է, որ ուժի անհամաչափ կիրառումն էլ ավելի փակուղային իրավիճակի կհանգեցնի՝ նշեlով՝ կողմերի համար շատ կարևոր է զուսպ գործել և խուսափել իմպուլսիվ քայլերից։

Անտոնիո Գուտերեշը երեկ կոչ էր արել միջազգային հանրությանը` մոբիլիզացնել ուժերը Գազայի հատվածի բնակչությանը հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար։

«Պետք է թույլատրվի ՄԱԿ-ին մուտք գործել Գազայի հատված և հրատապ հումանիտար օգնություն տրամադրել այնտեղ գտնվող անօգնական պաղեստինցի խաղաղ բնակիչներին», - հայտարարել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Մերձավոր Արևելքում նոր պատերազմի 5-րդ օրն է․ հոկտեմբերի 7-ին վաղ առավոտյան «Համասի»ի զինյալները Գազայի գոտուց սկսել են հազարավոր հրթիռներ արձակել իսրայելյան բնակավայրերի վրա: Իսրայելի ղեկավարները հայտարարել են, թե «պաղեստինցիները պատերազմ են սկսել Իսրայելի դեմ»: «Համասը» հայտարարել է, թե իր հարձակումը սկսել է ի պատասխան Երուսաղեմում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի դեմ իսրայելական իշխանության գործողությունների, Իսրայելն էլ դրան պատասխանել է «Երկաթե թրեր» ռազմական օպերացիայով և Գազայի հատվածի ամբողջական շրջափակումով:

XS
SM
MD
LG