Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով կրկին հայտարարում է, թե իր խաղաղապահներն անելիք ունեն Հարավային Կովկասում, թեև Արցախում, որտեղ նրանք առաքելություն էին իրականացնում, հայ գրեթե չի մնացել։ Մոսկվան է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հիմնական միջնորդը, պնդել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» կայքում հրապարակած հոդվածում։
«Այժմ, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի հաստատման և վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան», - գրել է Լավրովը։
Մինչ այդ Լավրովի տեղակալն էր ասել, թե ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում ավելի քան պահանջված է, և որ Մոսկվան Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Հայաստանի արտգործնախարարությունից առայժմ չեն արձագանքել «Ազատության» հարցմանը՝ ի՞նչի մասին են այդ առաջարկները և ընդունելի՞ են արդյոք դրանք Երևանի համար։
Բաքուն, որը մինչ այդ ամեն առիթով շեշտում էր, թե ռուս խաղաղապահները ժամանակավոր են Ղարաբաղում, դեռ հրապարակավ չի պահանջել, որ ռուսները հեռանան Ղարաբաղից։ Պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է, թե ռուս խաղաղապահների հարցը քննարկելու է Բաքվի հետ։
Մինչ այդ, Լավրովը կրկնել է պաշտոնական Մոսկվայի թեզը, թե Բրյուսելը՝ սեփական շահերից ելնելով, Վաշինգտոնի հետ միասին ապակայունացնում է Հարավային Կովկասը, պարտադրելով իր միջնորդական ծառայությունները Հայաստանին և Վրաստանին։
Միաժամանակ, Մոսկվան ընդգծում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շփումները երբեք չի դադարեցրել և պատրաստ է կողմերի հետ նոր հանդիպում կազմակերպել։
Երեկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, մասնավորապես, առաջարկել էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնել Բիշքեկում, որտեղ երկու օրից պետք է կայանա ԱՊՀ արտգործնախարարների հերթական հավաքը։ Հայաստանի արտգործնախարարությունը, սակայն, «Ազատության» հարցմանն իր պատասխան հայտարարեց, թե Բիշքեկում Հայաստանը ներկայացված է ինելու փոխարտգործնախարարի մակարդակով։
Այս հայտարարությունից ժամեր անց Մոսկվան հաղորդեց, թե ՌԴ արտգործնախարարի՝ ԱՊՀ հարցերով տեղակալ Գալուզինը երեկ ընդունել է Ռուսաստանում Հյաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանին։ Հանդիպման մանրամասներ Ռուսաստանի արտգործնախարարությունը չի հայտնում , գերատեսչության կայքում նշված է միայն, թե զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների որոշ արդիական հարցեր։