Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը Բաքվին կոչ է արել մեծահոգություն ցուցաբերել Ղարաբաղի նախկին ղեկավարության նկատմամբ


Ռուսաստանի Դաշնության նախագահը Բաքվին կոչ է արել մեծահոգություն ցուցաբերել Ղարաբաղի նախկին ղեկավարության նկատմամբ, միաժամանակ հավելելով, թե Հայաստանում Արցախի նախագահներին այնքան էլ չեն սպասում։

Վալդայ ակումբի ֆորումի մոդերատորը հատուկ հարցրեց Վլադիմիր Պուտինին նաև Ռուբեն Վարդանյանի մասին։ Ռուսաստանի նախագահը միայն շեշտեց, թե Վարդանյանը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից:

Պուտինին այսօր ուկրաինական պատերազմի մասին հարցից հետո հարցրեցին Ղարաբաղից: Այս օրերին շատ հարթակներից է հնչում, որ Ռուսաստանը դավաճանել է հայերին, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ 100 հազարից ավելի հայ է լքել իր տները։

Ռուսաստանի ղեկավարը հակադարձում է, թե ռուս խաղաղապահները ոչինչ չէին կարող անել, քանի որ չունեին կարգավիճակ:

«Խաղաղապահներն իրավունք ունեին միայն վերահսկելու հրադադարի պահպանման ռեժիմը», - ընդգծել է Պուտինը:

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հիմնական հարցն էր, շարունակում է Վլադիմիր Պուտինը և շեշտում՝ այն հիմնականն էր նաև ռուս խաղաղապահների կարգավիճակի համար։

«Հայաստանի կողմից Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին իմացել եմ մամուլից, մեզ առանձին չեն էլ տեղեկացրել», - ասել է նա:

Ռուսաստանի նախագահը այսօր հայտարարեց, որ Ղարաբաղում հայեր չեն մնացել, մաքսիմում 1-2 հազար։

Ի՞նչ է լինելու ռուս խաղաղապահների հետ Ղարաբաղում, երբ նույնիսկ Վլադիմիր Պուտինն է նշում, որ այնտեղ հայ գրեթե չի մնացել, Ռուսաստանի նախագահն այսօր չի ասել:

Փոխարենն այսօր Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել էր, թե «ռուսական խաղաղապահ զորախումբն այլևս որևէ մեկին չունի պաշտպանելու։ Սա հարված է մեր դիրքերին տարածաշրջանում»։

Զատուլինը հավելել է, թե տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերն այնքան են թուլացել, որ Վրաստանում Աբխազիայի և Հարավային Օսիայի վերագրավման մասին խոսակցություններ են սկսվել։

Պուտինն այսօր կրկնել է Մոսկվայի թեզը, թե ամեն ինչում մեղավոր է Հայաստանի իշխանությունը, որովհետև Պրահայում ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում և փոխել խաղի բոլոր կանոնները:

«Այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի կազմում, Ալիևն ինձ առաջարկել է խաղաղապահների կարգավիճակի շուրջ բանակցել երկկողմանի հիմունքներով, և Փաշինյանը հաստատել է դա», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ շարունակելով՝ ստացվում է այնպես, որ եթե Ղարաբաղն Ադրբեջանի մասին է, ինչպես ասում են Հայաստանի իշխանությունները, ուրեմն Բաքուն կարող էր վերականգնել սահմանադրական կարգը իր սեփական տարածքում։

Պուտինը նաև խոսել է 44-օրյա պատերազմից և կրկին ասել, թե պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական բանակը դեռ մի փոքրիկ տարածք էր գրավել, պայմանավորվել էր Բաքվի հետ, որ նրանք կանգ կառնեն. սակայն Երևանը, ի զարմանս Պուտինի, հրաժարվել է և ասել, թե շարունակելու է պատերազմը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG