Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գրանադայում հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Փաշինյանն ու Ֆոն դեր Լայենը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին` ԼՂ հայության հումանիտար խնդիրների լուծմանն օժանդակելու նպատակով: Նշվել է, որ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով եվրահանձնակատարը կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին և այդ ուղղությամբ հետագա համագործակցությանը: