Մատչելիության հղումներ

Արցախի հայերի էթնիկ զտումների ֆոնին Մոսկվան ընդգծված ուշադրություն է դարձնում Աբխազիային ու Հարավային Օսիային


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիայի հանդիպումը Սոչիում, 4-ը հոկտեմբերի, 2023թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիայի հանդիպումը Սոչիում, 4-ը հոկտեմբերի, 2023թ․

Լեռնային Ղարաբաղում, Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտում [ՌԴ ՊՆ-ի հաղորդագրություններում մինչև հիմա պահպանվում է «ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի» ձևակերպումը․ - խմբ․] բնիկ հայերի զանգվածային էթնիկ զտումների ֆոնին Մոսկվան ընդգծված ուշադրություն է դարձնում Աբխազիային ու Հարավային Օսիային։

Երկու օր առաջ Սոչիում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Աբխազիայի ու Հարավային Օսիայի անջատական ղեկավարների հետ, իսկ երեկ Ռուսաստանի նախագահն ընդունել է Աբխազիայի ղեկավար Ասլան Բժանիային։

Հանդիպումը կայացել է Կրասնոդարի երկրամասում, Ադլերի մոտ գտնվող «Սիրիուս» ուսումնական կենտրոնում։ Մինչ առանձնազրույցը, հանդիպման հրապարակային մասում Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախությունը ճանաչելու 15-ամյակն ու վրաց-աբխազական պատերազմում աբխազական կողմի հաղթանակի 30-ամյակը։ Նա խոսել է տնտեսական կապերից, զարգացման միտումների մի քանի թվեր նշել։

Ասլան Բժանիան ասել է, որ Աբխազիայի ու Ռուսաստանի հարաբերությունները վերջին շրջանում լրացուցիչ լիցքեր են ստացել, ընդգծել է միասնական պաշտպանական ու սոցիալ-տնտեսական տարածք ստեղծելու կարևորությունը, շնորհակալություն հայտնել, որ Պուտինը ստորագրել է երկքաղաքացիության մասին համաձայնագիրը, ինչը աբխազներին թույլ է տալիս հեշտացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն ընդունել։ «Ցանկանում ենք մասնակցել ռուսական կողմի նախաձեռնող ինտեգրացիոն գործընթացներին, Ռուսաստանի մասնակցությամբ, որովհետև դա համապատասխանում է Աբխազիայի հիմնարար շահերին, մեզ համար դա շատ կարևոր է», - ասել է Աբխազիայի դե-ֆակտո ղեկավարը։

Ամենահետաքրքիրը Բժանիան ասել է Պուտինի հետ հանդիպման հաջորդ օրը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում։ Նա հայտնել է, որ Ռուսաստանի հետ արդեն համաձայնագիր է ստորագրվել, որ Աբխազիայի Օչամչիրա նավահանգստում մոտ ապագայում Ռուսաստանի ռազմածովային ուժերի բազա տեղակայվի։ «Այն կուժեղացնի թե՛ Ռուսաստանի, թե՛ Աբխազիայի պաշտպանական կարողությունները», - նշել է նա։

Ռուսաստանի Սևծովյան նավատորմը բազավորված է Ղրիմի Սևաստոպոլում, որն ուկրաինական ուժի կողմից ենթարկվում է հարձակումների։ Ամերիկյան The Wall Street Journal-ը, վկայակոչելով արբանյակային լուսանկարներն ու ռազմական փորձագետների, նախօրեին գրել է, որ նավերի մեծ մասը դուրս են բերվել Սևաստոպոլից` տեղափոխվելով Ղրիմի ու Ռուսաստանի այլ նավահանգիստներ։

Reuters-ի մեկնաբանությամբ՝ Մոսկվան ձգտում է Աբխազիայում այլընտրանքային ծովային բազա ստեղծել։ Նախկին Խորհրդային Միության ժամանակ Օչամչիրայում այդպիսի բազա կար։

Կրեմլի խոսնակն այսօրվա ճեպազրույցում խուսափել է պատասխանել հարցին։ Դմիտրի Պեսկովն ասել է, թե չի կարող մեկնաբանել, պատճառաբանելով, որ բանակի ստորաբաժանումների, նավերի, զորանոցների տեղակայման հարցերը գտնվում են պաշտպանության նախարարության իրավասության ներքո։

Պաշտոնական Թբիլիսին մտահոգություն է հայտնել։

«Մտահոգություն ենք հայտնում Ռուսաստանի օկուպացրած տարածքում լրացուցիչ ռազմական բազա տեղակայելու և Վրաստանի անքակտելի շրջանը Ռուսաստանի ինտեգրացիոն գործընթացներում ներառելու՝ Սուխումիի ռուսական օկուպացիոն ռեժիմի հայտարարությունների կապակցությամբ», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը՝ Ռուսաստանին կոչ անելով հարգել միջազգային պարտավորությունները, կատարել Եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ին ստորագրված կրակը դադարեցնելու համաձայնագիրը և դադարեցնել Վրաստանի անքակտելի շրջանների անօրինական օկուպացիան։

Թբիլիսին ու միջազգային հանրությունը Աբխազիան ու Հարավային Օսիան համարում են Վրաստանի անբաժանելի մասը։ Ռուսաստանից բացի այդ շրջանների անկախությունը ճանաչել է ընդամենը մի քանի երկիր։

Աբխազիայի ղեկավարը «Իզվեստիա»-ի հարցազրույցում «պրագմատիկ մարդիկ» է բնորոշել Վրաստանի ներկայիս իշխանություններին՝ ասելով, թե նկատի ունի վարչապետին ու նրա թիմին, բայց ոչ նախագահին։

Նշենք, որ Վրաստանի վարչապետն ու կառավարությունը քննադատվում են Ռուսաստանին մերձենալու քայլերի համար, իսկ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արևմտամետ գործիչ է համարվում։ ։

Ռուսական թերթի հարցազրույցում Բժանիան ամեն դեպքում նշել է, որ Վրաստանի ղեկավարությունը համապատասխան ուշադրություն է դարձնում զինված ուժերին, և աբխազական ու հարավօսական տարածքները վերադարձնելու հարցը Վրաստանի օրակարգից ոչ ոք չի հանել։

XS
SM
MD
LG