Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը կընդունի բանաձև, որով քննադատելու է Ադրբեջանին և աջակցություն է հայտնելու Հայաստանին


Եվրախորհրդարանի նիստ Ստրասբուրգում, արխիվ
Եվրախորհրդարանի նիստ Ստրասբուրգում, արխիվ

Սա բանաձևի նախագիծն է, որը պետք է հոկտեմբերի 5-ին Եվրոպական խորհրդարանում քվեարկվի Երևանի ժամանակով 14:00-16:00 ժամանակահատվածում:

Վաղը Եվրոպական խորհրդարանը պետք է քվեարկությամբ ընդունի Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի թեմայով հոկտեմբերի 3-ի քննարկումների ամփոփիչ բանաձևը:

Երեկ անխտիր բոլոր բանախոսները խստորեն դատապարտել են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, արցախցիներին պաշտպանելու գործում ռուս խաղաղապահների կրավորական դիրքը և Եվրոպական միության գործադիր կառույցների անբավարար և ուշացած քայլերը, որոնց հիմքում են «ռեալպոլիտիկը» և գազի մատակարարման գործարքները Բաքվի հետ:

Եվրոպացի օրենսդիրները պնդել են, որ հարկ է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, չեղարկել էներգակիրների պայմանագրերը և եվրոպական հեռանկար առաջարկել Հայաստանին:

«Ազատություն»-ը ստացել է բանաձևի նախագծի տեքստը: 11-էջանոց փաստաթղթում թվարկվում են բանաձևի ընդունմանը նախորդող իրադարձությունները, դրա ընդունման անհրաժեշտությունը և դրա հիմքում դրվող բազում միջազգային օրենքները, պայմանավորվածությունները և պարտավորությունները:

«Ստեղծված իրավիճակը հավասարազոր է էթնիկ զտումների»

Հաշվի առնելով, որ Եվրախորհրդարանի նախկին զգուշացումները չեն հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ Եվրամիության քաղաքականության էական փոփոխության, հաշվի առնելով, որ ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը, ՄԱԿ-ը և միջազգային այլ դերակատարներ չեն զսպել ռազմական ուժի դիմելու Ադրբեջանի ցանկությունը, Եվրոպական խորհրդարանը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ նախապես ծրագրված և չարդարացված ռազմական հարձակումը և կոչ է անում անհապաղ և ամբողջությամբ դադարեցնել մարդկանց նկատմամբ բռնությունները:

Եվրախորհրդարանը հիշեցնում է, որ քաղաքացիական բնակչությանը տարածքից հեռացնելու հարկադրանքը կարող է համարվել մարդկության դեմ հանցագործություն և քննարկվել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ներքո: Եվրախորհրդարանը համարում է, որ ստեղծված իրավիճակը հավասարազոր է էթնիկ զտումների:

Հայաստանին անհապաղ օգնություն տրամադրել, Ադրբեջանի դեմ՝ պատժամիջոցներ կիրառել

Եվրախորհրդարանը դրական է գնահատում փախստականներին օգնություն և ապաստան տրամադրելու Հայաստանի իշխանությունների ջանքերը և կոչ է անում Եվրամիության կառույցներին ու անդամ պետություններին Հայաստանին անհապաղ օգնություն տրամադրել՝ լուծելու Լեռնային Ղարաբաղից փախստականների հոսքին հաջորդած հումանիտար ճգնաժամը:

Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրամիությանը և իր անդամ պետություններին նպատակաուղղված պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության այն անձանց դեմ, ովքեր պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի բազմաթիվ խախտումների և մարդու իրավունքների ոտնահարումների համար, կոչ է անում նաև հետաքննել ադրբեջանական ուժերի չարաշահումները, որոնք կարող են ռազմական հանցագործություն որակվել:

Թույլատրել հայ բնակիչների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ

Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին թույլատրել հայ բնակիչների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ և տալ իրավունքների պաշտպանության ամուր երաշխիքներ, հիշեցնելով, որ տուն վերադառնալը միջազգային իրավունքի հիմնարար կանոն է: Եվրախորհրդարանը պահանջում է անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը:

Օրենսդիրները կոչ են անում Եվրամիությանը մեծացնել իրենց ներկայությունը տարածաշրջանում: Եվրախորհրդարանն իր հիասթափությունն է հայտնում վերջին 30 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաջին առաքելության կազմակերպման և անցկացման կապակցությամբ:

Եվրախորհրդարանը կոչ է անում անհապաղ փոխարինել ռուսական խաղաղապահ ուժերին ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությամբ՝ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով՝ արդյունավետորեն պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունը:

Եվրախորհրդարանը խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հայերի զանգվածային գաղթից հետո Լեռնային Ղարաբաղում մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման վերաբերյալ:

Մտահոգություն Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների առնչությամբ

Եվրախորհրդարանը դատապարտում է միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածք ադրբեջանական ռազմական ներխուժումը և վերահաստատում է դրանք Հայաստանից դուրս բերելու պահանջը:

Եվրախորհրդարանը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի նախագահի և ադրբեջանցի այլ պաշտոնյաների՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող հայտարարությունների, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին պահանջների կապակցությամբ: Եվրախորհրդարանը նախազգուշացնում է Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ ցանկացած հնարավոր ռազմական արկածախնդրության դեմ և կոչ է անում Թուրքիային զսպել իր դաշնակցին:

ԵՄ-ն աջակցելու է Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը

Եվրախորհրդարանը գովեստով է արտահայտվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղությանն ուղղված հանձնառության համար, վերահաստատում է, որ Եվրամիությունն աջակցելու է Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը, և խստորեն դատապարտում է Հայաստանում քաղաքական իրավիճակն ապակայունացնելու՝ Ռուսաստանի գործադրած հիբրիդային փորձերը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG