Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր, այսօր արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկայի տրամադրումը Հայաստանին, որպեսզի ՀՀ-ն կարողանա իր պաշտպանությունը ապահովել, պարզ է, որ առայժմ չեմ կարող մանրամասնել այս հարցը», - նշեց Ֆրանսիայի նախարարը, ավելացնելով․ - «Ես նաև պաշտոնապես գրավոր դիմել եմ Եվրամիության ներկայացուցիչ Ջոզեպ Բորելին դիտորդական առաքելությունը ընդլայնելու ու մանդատը հզորացնելու համար, որ կարողանան է՛լ ավելի օգտակար լինել Հայաստանին։ Ես նաև առաջարկել եմ ներառել Հայաստանը խաղաղության Եվրոպական մեխանիզմի մեջ, ինչպես օրինակ ծրագիրը, որ իրականացվում է Մոլդովայի համար»։
Ֆրանսիացի նախարարը նաև հույս հայտնեց, որ «ԵՄ-ն և դրա անդամները կսկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս, որ ցանկացած գործողություն, որ կսպառնա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, շատ հստակ ու կոշտ արձագանքի կարժանանա, հուսով եմ, որ կարող ենք մեր հույսը դնել նաև այլ գործընկերների և բարեկամների վրա, մասնավորապես, նկատի ունեմ նաև ԱՄՆ-ին»։
Ֆրանսիայի արտգործնախարարի գնահատմամբ, «Լեռնային Ղարաբաղի հայերը լքել են իրենց տները Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով և Ռուսաստանի մեղսակցությամբ ինչպես նաև 9 ամիս անօրինական շրջափակումից հետո»։
Կոլոննան ընդգծեց, որ շրջափակումն անօրինական էր, և Արդարադատության միջազգային դատարանը դեռ փետրվարին էր պահանջել բացել միջանցքը։
«Այն, ինչ տեղի է ունեցել, միջազգային իրավունքի խախտում է», - ընդգծեց ֆրանսիացի նախարարը՝ հակադրվելով «Բաքվից ու Մոսկվայից հնչող հայտարարություններին, թե մարդիկ մեկնում են կամավոր»։
«Ոչ, սրանք ստիպված մեկնումներ են, սա ընտրություն է, որ արվել է ուժի կիրառման սպառնալիքի ներքո, այդ ստերը ոչ մեկին չեն մոլորեցնում», - ասաց Կոլոննան։
Լրագրողներից մեկի ճշտող հարցին, թե ո՞րն է Ռուսաստանի պատասխանատվությունը տեղի ունեցածում, Կոլոննան պատասխանեց, որ «Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները 2020 թվականի հայտարարության շրջանակում և պետք է ապահովեր հարցի քաղաքական լուծումը Ադրբեջանի և Հայաստանի միջև, այդ պարտավորությունը նա չի կատարել»։
Ֆրանսիան Սյունիքում կունենա պատվո հյուպատոս
Այսօր ծրագրված էր նաև Կոլոննայի այցը Սյունիքի մարզ՝ Գորիս, որը չի կայացել եղանակային վատ պայմանների պատճառով։
«Շատ կցանկանայի գնալ Սյունիք, որն առաջինն է եղել, որ մոբիլիզացվել է փախստականներին ընդունելու համար, այն մարդկանց, որոնք ստիպված են եղել լքել իրենց հողերը։ Նաև կցանկանայի գնալ Գորիս, քանի որ այնտեղ նշանակել ենք պատվավոր հյուպատոս, որը կամրապնդի Ֆրանսիայի ներկայությունը այդ կարևոր շրջանում՝ Սյունիքի մարզում», - ասաց Կոլոննան՝ ընդգծելով, որ իր այս այցը Հայաստան ևս «մի ձև է ցույց տալու, որ Ֆրանսիան շատ զգոն է լինելու ցանկացած սպառնալիքի նկատմամբ ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ»։
«Ջանում ենք պայման ստեղծել, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև հնարավոր լինի ընդունել»
«Ջանում ենք պայման ստեղծել, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձև հնարավոր լինի ընդունել», - հայտարարեց Կատրին Կոլոննան՝ աձագանքելով «Ազատության» դիտարկմանը, թե «Հայաստանի հանրության և իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից քննադատություն կա, որ Արևմուտքը ուշացավ, նույնիսկ Անվտանգության խորհուրդը բանաձև չընդունեց պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները»:
«Փորձել ենք հնարավորինս շատերին հավաքել այն սկզբունքների, արժեքների շուրջ, որ մենք ենք պաշտպանում, բայց չենք կարողացել բավականաչափ ուժեր հավաքել մեր շուրջը: Փորձում ենք նոր ճանապարհներ գտնել՝ ինչպես կարող ենք դասեր քաղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումներից», - ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը:
«Կարծում եմ, որ այդ առումով մեր տեսլականը նույնն է, որ կարող ենք փորձել մեր տեսլականին միավորել ՄԱԿ-ի ԱԽ այլ անդամներ», - ասաց նա:
Այնուամենայնիվ, նա համաձայն չէր նաև հնչած քննադատությանը, թե Ֆրանսիան բավական ակտիվ չի եղել ու ուշ է արձագանքել իրավիճակին։
Ըստ Կոլոննայի՝ «Ֆրանսիան շարունակ եղել է Հայաստանի կողքին՝ ավելի քան որևէ մեկը»՝ և՛ միջազգային կառույցներում, և՛ Եվրամիության շրջանակներում, և՛ ԱՄՆ-ի հետ Հայաստանի հետ հարաբերություններում։
«ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցադրում չի եղել». Միրզոյան
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր հերթին հայտարարեց, որ «այսօրվա իրականությունը ցույց տվեց, որ միջազգային դերակատարների կողմից հայտարարություններն ու ջանքերը բավարար չէին՝ իրականացնելու զանգվածային ոճրագործությունների կանխում և ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ, արժանապատիվ կյանքն իր բնօրրանում»։
Այլ քննդատություն միջազգային դերակատարների նկատմամբ Միրզոյանը չհնչեցրեց, սակայն ընդգծեց, որ շարունակում է մարտահրավեր մնալ «Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, ժողովրդավարության նկատմամբ նկրտումների զսպումը»։
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը խորացնելու համար Հայաստանը պետք է լքի ՀԱԿՊ-ը, արտգործնախարարը պատասխանեց, որ «Հայաստանի գործընկերները երբևէ այդպիսի պահանջ կամ հարցադրում նույնիսկ չեն դրել Երևանի առջև՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով», հետևաբար այդ հարցը Հայաստանի օրակարգում չկա։