Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից ուղիղ երկու օր առաջ Ամերիկայի ու Եվրամիության բարձրաստիճան դիվանագետները ռուսների հետ հրատապ ու գաղտնի հանդիպում են ունեցել՝ հակամարտությունը քննարկելու համար, հաղորդում է ամերիկյան Politico-ն՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Բանակցություններն անցել են Թուրքիայում։ Հանդիպման փաստն այսօր հաստատել է նաև Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, պնդելով, թե Արևմուտքն է այն նախաձեռնել։
«Ես չգիտեմ՝ գաղտնի՞ է եղել այդ հանդիպումը, թե՞՝ ոչ։ Մեզ դիմել են Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ, խնդրել են հանդիպում անցկացնել։ Կողմերը տեսակետներ են փոխանակել իրավիճակի հետ կապված, միայն այդքանը», - հայտարարել է Զախարովան։
Politico-ի տեղեկություններով՝ ստամբուլյան հանդիպումը կայացել է Ղարաբաղի իննամսյա շրջափակմանը վերջ դնելու, Բաքվի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում։ Ամերիկյան կողմը ներկայացրել է Կովկասյան բանակցությունների գծով բանագնաց Լուիս Բոնոն, Եվրամիությունը՝ Հարավային Կովկասի հարցով ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ռուսական կողմից էլ եղել է Հայաստանի և Ադրբեջանի գծով հատուկ բանագնաց Իգոր Խովաևը։ Ի տարբերություն եվրոպացի ու ռուս դիվանագետների, ամերիկյան կողմը պաշտոնապես հաղորդել էր, որ Լուիս Բոնոն այդ օրերին գտնվել է տարածաշրջանում, այցելել Երևան ու Բաքու, ստամբուլյան եռակողմ հանդիպման մասին, սակայն, պաշտոնական աղբյուրները չէին հայտնել։
«Այս մակարդակի դիվանագիտական փոխգործակցությունը հազվադեպ է», - փաստում է Politico-ն, հիշեցնելով, որ ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի դիվանագետները չեն գործակցում։
Բրյուսելից ևս հաստատել են, որ հանդիպել են ռուսաստանցի դիվանագետի հետ՝ չնայած առկա խորը հակասություններին։ Politico-ին տրված գրավոր պարզաբանման մեջ Եվրամիության պաշտոնյան ասել է՝ «Բրյուսելի համար կարևոր է պահպանել հաղորդակցության ուղիները՝ թյուրիմացություններից խուսափելու համար»: Այլ մանրամասներ եվրոպական կողմը չի հայտնել, բայց ընդգծել է, որ Կլաարը նաև այլ հարցերում է փորձում կապի մեջ մնալ Մոսկվայի հետ՝ թե՛ Խովաևի, թե՛ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի միջոցով:
Պետդեպարտամենտի խոսնակը հրաժարվել է հանդիպումից մանրամասներ հայտնել, «մենք չենք մեկնաբանում մասնավոր դիվանագիտական քննարկումները», - Politico-ին ասել են ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունից։
Այնուամենայնիվ, խնդրին ծանոթ ամերիկացի պաշտոնյան, որն իրավասու է անանունության սկզբունքով տեղեկություններ հաղորդել, Politico-ին ասել է՝ Արևմուտքը ռուսական կողմի հետ քննարկման է գնացել՝ ելնելով այն ըմբռնումից, որ Կրեմլը դեռևս ազդեցություն ունի տարածաշրջանում: «Մենք պետք է ի վիճակի լինենք աշխատել Ռուսաստանի հետ, որովհետև նրանք իսկապես ազդեցություն ունեն կողմերի վրա, հատկապես որ հիմա շատ անորոշ իրավիճակում ենք», - Politico-ին ասել է ամերիկացի պաշտոնյան: