Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Հայաստանում է


Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննա, արխիվ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննա, արխիվ

Երևանում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան: Նա այս մասին հայտնել է իր X-ի էջում, գրառմանն ավելացնելով «Բարեկամություն, աջակցություն և համերաշխություն» կարգախոսը։

Օրվա երկորդ կեսին Կոլոննան կհանդիպի Հայաստանի արտգործնախարարին և վարչապետին։

Մինչև Կոլոննայի այցը Հայաստան, Փարիզն արդեն հայտարարել էր՝ Հայաստանում Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, վերահաստատելու է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Կոլոննայից բացի Հայաստանում է նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Սեբաստիեն դը Լոգյուն։

«Ես որպես պատգամավոր, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ այստեղ եմ, որպեսզի տեսնեմ, թե ինչով կարող ենք աջակցել, հանդիպում եմ հայկական հաստատությունների ներկայացուցիչներին։ Ճիշտ է, Ֆրանսիայի արտգործնախարարության մակարդակով այդ օգնությունն ուղարկվել է, քայլեր ձեռնարկվում են, բայց իմ հիմնական նպատակն է հասկանալ աշխարհաքաղաքական իրադրությունը և ճնշում գործադրել միջազգային կառույցների վրա, որ այստեղ տեղի չունենա ևս մի պատերազմ, և Հայաստանը չկորցնի իր ինքնիշխանությունը», - հայտարարեց ֆրանսիացի խորհրդարանականը։

Փարիզը հայտնում է, որ տարեսկզբից Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը Հայաստանին եռապատկվել է՝ հասնելով 12,5 միլիոն եվրոյի, ավելացնում են, որ օրերս էլ օգնություն են փոխանցել Երևանին, որը նախատեսված է, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների խնամքի համար։

Երկու օր առաջ էլ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն էր հարցազրույցում անդադարձել Հայաստանին տրամադրվելիք հնարավոր աջակցությանը՝ նշելով, որ »չի կարծում, թե Ֆրանսիան կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը», և ավելացրել էր, որ «այնուամենայնիվ Փարիզն ուսումնասիրում է Երևանի պաշտպանական կարիքները»։

Սեբաստիեն դը Լոգյուի խոսքով՝ Ֆրանսիան այն երկիրն է, որը հսկայական աջակցություն է ցույց տվել Հայաստանին և շարունակելու է դա անել հնարավոր բոլոր եղանակներով։

Խորհրդարանականը պնդում է՝ Ֆրանսիան պետք է կոչ անի իր դաշնակիցներին աջակցելու Հայաստանին, քանի որ «ևս մեկ հարձակում հայկական հողի վրա դեռևս հնարավոր է», և ինքը՝ որպես «Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, ճնշում է գործադրելու բոլոր ուղղություններով Հայաստանին աջակցելու համար»։

Ճշտող հարցին, թե պատգամավորի կարծիքով հնարավո՞ր է ռազմական օգնություն, թե՞՝ ոչ, դը Լոգյուն արձագանքեց. - «Պետք է որ հնարավոր լինի, համենայն դեպս, Ֆրանսիան այն երկիրն է, որ այդքան շատ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, բայց չմոռանանք նաև, որ Ֆրանսիան ունի դաշնակիցներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրներ են»։

XS
SM
MD
LG