Ուկրաինական իրավիճակը խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու հարց ՄԱԿ-ում չի քննարկվում, հայտարարում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկիի հարցազրույցը «Իզվեստիա» թերթին։
«ՄԱԿ-ում բանակցային կարգավորման հարցը ոչ մի կերպ չի արծարծվում: Գլխավոր քարտուղարը [Անտոնիո Գուտերեշ] ավելի վաղ ասել էր, որ ինքը պատրաստ է միջնորդ լինել, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն դրան: Բայց մենք շատ լավ գիտենք, որ Ուկրաինան ժամանակին մերժել է արդեն նախաստորագրված խաղաղ կարգավորման ծրագիրը»,- նշել է նա։
Պոլյանսկին ընդգծել է, որ բանակցային գործընթացի համար ջանքեր կամ իրական առաջարկներ չի տեսնում, և որ կազմակերպության հետ այս թեմայով երկխոսություն չկա։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, թե Ռուսաստանը ինքը պատրաստ չէ զիջումների։
«Պուտինը ցանկանում է զավթել մեր երկիրը, ջախջախել մեր ընտանիքները, տները։ Նա հասկանում է, որ Ուկրաինան երբեք հետքայլ չի անի, չի հեռանա իր հողից։ Մենք երբեք դա չենք անի», - հայտարարել է Ուկրաինայի առաջնորդը։
Պաշտոնական Կիևը պարբերաբար հայտարարում է, թե Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու պայմանը ռուսական զորքերը Ուկրաինայի 1991 թվականի սահմաններից դուրս բերելն է, այսինքն՝ նաև Ղրիմից և Դոնբասից, և որ հնարավոր կարգավորումը պետք է հիմնված լինի Կիևի «խաղաղության բանաձևի» վրա։