Մատչելիության հղումներ

Կիևը հաստատում է Բախմուտին մերձակա ևս մեկ գյուղի ազատագրումը


Ուկրաինացի զինվորականներն ազատագրված Կլեշչիևկայում, 17-ը սեպտեմբերի, 2023թ.
Ուկրաինացի զինվորականներն ազատագրված Կլեշչիևկայում, 17-ը սեպտեմբերի, 2023թ.

Երեկ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը, հետո էլ՝ նախագահը, հաստատեցին Բախմուտի մոտ գտնվող Կլեշչիևկա գյուղի ազատագրումը:

«Իսկ այսօր հատկապես ուզում եմ նշել այն զինվորներին, ովքեր քայլ առ քայլ վերադարձնում են մեր Ուկրաինան՝ հենց Բախմուտի շրջանում», - հայտարարեց Վլադիմիր Զելենսկին:

Օրեր առաջ էր ազատագրվել էր մեկ այլ գյուղ Բախմուտի մոտ՝ Անդրեևկան:

Կատաղի մարտերը Բախմուտի մոտ արդեն մի քանի ամիս է ինչ շարունակվում են, վերլուծաբաննները գրում են, թե Կլեշչիևկայի ազատագրումը չափազանց կարևոր քայլ է քաղաքն ազատագրելու ճանապարհին:

Սրա հետ մեկտեղ, արևմտյան վերլուծաբանները վերջին շաբաթներին նշում են, թե ուկրաինական հակահարձակումը հարավում, որը համարվում է հակահարձակման հիմնական ուղղությունը, դանդաղել է։

«Այս ֆոնին Արևմուտքում սկսել են խոսել այն մասին, որ ուկրաինական պատերազմը կարող է երկար տևել։ Ուկրաինան հակահարձակման ընթացքում որոշ հաջողությունների է հասել, սակայն հակահարձակման համար սահմանափակ ժամանակ ունի», - BBC-ին տված հարցազրույցում մասնավորապես ասել է ԱՄՆ Զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար Մարկ Միլին՝ Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան ռազմական պաշտոնյան:

«Ուկրաինացիները շատ հետևողական նվաճումներ են գրանցել և պահպանել մարտական հզորությունը: Դեռ ժամանակ կա՝ հավանաբար 30-45 օր, մարտական եղանակի համար: Սա նշանակում է, որ ուկրաինացիները դեռ չեն ավարտվել հակահարձակումը», - ասել է ամերիկացի գեներալը՝ հավելելով, թե դեռ վաղ է ասել՝ ինչպես կավարտվի ուկրաինացիների այս հակահարձակումը:

Միաժամանակ, Միլին շեշտել է, թե ուկրաինական պատերազմի արագ ավարտը քիչ հավանական է։ Ուկրաինայի հաղթանակը հակամարտությունում «շատ բարձր նշաձող է», և «շատ երկար ժամանակ կպահանջվի», - ասել է նա։

Կիևում հաճախ են շեշտում, թե հարձակողական գործողությունների դանդաղումը մեծապես պայմանավորված է ոչ թե եղանակով, այլ՝ տեխնիկայի և զինամթերքի պակասով: Ուկրաինայի իշխանություններն էլ են ասում, թե հասկանում են, որ պատերազմը կարող է շատ երկար տևել, սակայն կրկին ու կրկին հայտարարում են, թե բանակցություններ ռուսական կողմի հետ հնարավոր են միայն այն դեպքում, երբ ռուսները համաձայնեն դուրս հանել իրենց զորքերն Ուկրաինայի տարածքից:

XS
SM
MD
LG