Մատչելիության հղումներ

Արցախից տեղահանված ընտանիքներին այսօրվանից սկսեցին ընդունել նաև Շիրակի մարզում


Մարտունուց՝ Գորիս, Գորիսից՝ Գյումրի. 8-ամյա տղան քրոջ ու մայրիկի հետ այսօր է հասել Գյումրի։ Մի քանի օր պատսպարվել են Մարտունու նկուղներում։ Շատ է վախեցել հատկապես, երբ «Գրադ»-ով են սկսել հարվածել քաղաքին։

«Դմփոց եկավ, մի սենյակում էինք, հետո պադվալում», - պատմում է նա։

Արցախից տեղահանված ընտանիքներին այսօրվանից սկսեցին ընդունել նաև Շիրակի մարզում։ Գյումրիի քաղաքապետարանում գործող հաշվառման կենտրոնում նրանց կեցության հարցերն էին կազմակերպում։ Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղից տեղահանված 64-ամյա Վազգեն Ղարաբեղյանը պատմում է, թե ինչ դժվարությամբ է բազմանդամ ընտանիքին մի կերպ Հայաստան հասցրել. - «Երեք օր ճամփա ենք եկել, զոռով հասել Գորիսից, Գորիսից էլ ավտո են տրամադրել, եկել ենք էստեղ։ Փախել, եկել ենք, մնայինք, պիտի կոտորվեինք, ընտանիքս փրկելու համար եկել ենք Հայաստան»։

47-ամյա Քրիստինա Դանիելյանն ասում է՝ կրկնակի փախստական է՝ մեկ անգամ Բաքվից է փախել 12 տարեկանում, հիմա էլ 4 երեխաների հետ Հովսեփավանից։

Տեղահանված ընտանիքներին առայժմ հյուրանոցներում ու հյուրատներում են տեղավորում։ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ասում է՝ մոտ 2000 տեղ նախնական հաշվառել են, բայց թիվն անընդհատ փոփոխվում է։ Տարբերակներ են փնտրում, որ համայնքի հաշվեկշռում գտնվող դատարկ շենքերում արագ վերանորոգման աշխատանքներ իրականացնեն ու հատկացնեն արցախցիներին։

Գյումրիից բացի, հաշվառման կենտրոններ գործում են նաև բոլոր խոշորացված համայնքներում։ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն ասաց՝ տեղահանվածների մեծ մասը նախընտրում է Գյումրիում մնալ։

Պաշտոնական տվյալներով՝ արցախցի բնակիչների գրեթե կեսը՝ 50 հազարից ավելին արդեն հատել է Հայաստանի սահմանը։ Պետության առաջարկած կացարաններից ցանկացել է օգտվել նրանց միայն 11 տոկոսը՝ մոտ 6000-ը։ Կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, թե տեղահանված արցախցիների համար 40 հազար կացարան են առանձնացրել։ Դրանք հյուրանոցային համարներ են, հյուրատներ, վարձով բնակարաններ կամ պետական ու համայնքային ենթակայության շենքեր, որոնք տրամադրվում են ընտանիքներին անվճար։

XS
SM
MD
LG