Բաքուն մտադիր չէ որևէ ուժային գործողություններ ձեռնարկել Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան ցամաքային միջանցք ստեղծելու համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ միայն տրանսպորտային կապ ստեղծել, ինչը «օգուտ կբերի երկու երկրներին և ամբողջ տարածաշրջանին»։
«Ադրբեջանը չունի ոչ մի ռազմական նպատակներ կամ խնդիրներ Հայաստանի ինքնիշխան տարածքում, դա Ադրբեջանի օրակարգից դուրս է», - ասել է Հաջիևը Reuters-ին։
Ալիևի օգնականը հավելել է, թե Բաքուն Երևանին առաջարկում է տրանսպորտային և կապի գծերի անցկացման հարցը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «ադրբեջանական տարածքում Զանգեզուրի միջանցքի ստեղծման աշխատանքները կավարտվեն հավանաբար 2024 թվականի վերջին»։