Այսօր Երևան են ժամանել Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն ու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերը։ Սա օտարերկրյա առաջին բարձրաստիճան պատվիրակությունն է, որ ժամանում է Հայաստան՝ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններից ու տարածաշրջանում լարված իրադրությունից հետո։
Հայաստանում ԱՄՆ դեսպանության համաձայն՝ Փաուերը հաստատելու է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր է ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ։
«Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում արժանապատիվ ու տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին և խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի մասին հաղորդումներով», - ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ Ինչ վերաբերում է պահանջներին, ապա Վաշինգտոնը կոչ է անում «անարգել մուտք ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների և կոմերցիոն փոխադրումների համար»։
Ուղիղ մեկ շաբաթ առաջ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը Սենատում առավել կոշտ ու հստակ պահանջներ էր դրել Ադրբեջանի իշխանությունների առաջ. - «Առաջին՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա, այլևս ոչ մի հետաձգում։ Երկրորդ՝ ԱՄՆ-ն չի հանդուժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այս հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց Բաքուն կրակ բացեց Ղարաբաղում՝ սպանելով ոչ միայն հարյուրավոր զինվորականների, այլև կանանց ու երեխաների։ Ռազմական այդ գործողության հաջորդ օրը Յուրի Քիմը Նյու Յորքում հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարարին, այս անգամ՝ վերահաստատել ռազմական գործողությունները դադարեցնելու կոչը։
Երեկ էլ այդ մասին Անվտանգության խորհրդի անդամ Ֆրանսիան է խոսել՝ նախագահի մակարդակով։ Մակրոնը կրկին անընդունելի է համարել Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում, կարևորել ջանքերի համախմբումը՝ արցախահայությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար և ընդգծել, որ Ղարաբաղի հայերի իրավունքները պետք է հարգվեն:
Պաշտոնական Երևանը, մինչդեռ, պնդում է՝ անհրաժեշտ է խոսքից գործի անցնել։
«Հապաղման դեպքում Ղարաբաղի ժողովրդին սպառնում է ցեղասպանություն, իսկ հաջորդ թիրախը կարող է Հայաստանը լինել»,- օրերս ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում զգուշացրեց Հայաստանի արտգործնախարարը։
«Մեր տարածաշրջանում իրապես ավերիչ զարգացումների ժամանակագրությունը վկայում է, որ հիմնախնդիրները հնարավոր չէ լուծել զուտ հայտարարություններով և ընդհանուր կոչերով։ Հայաստանը բազմիցս է նախազգուշացրել միջազգային հանրությանը հստակ և գործնական գործողությունների անհրաժեշտության մասին, ներառյալ՝ ՄԱԿ-ի միջգերատեսչական կարիքների գնահատման և փաստահավաք առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ գործուղելու մասին: Բայց միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը վերջին 9 ամիսների՝ 285 օրերի ընթացքում չկարողացան օգնության հասնել մարդկանց», - ասել է Արարատ Միրզոյանը։
Պաշտոնական Երևանը, մասնավորապես, կոչ է անում ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ու խաղաղապահ զորք տեղակայել Ղարաբաղում։ Առայժմ հստակ չէ՝ կա արդյոք այս հարցով պաշտոնական քննարկում կամ նախաձեռնություն։