Մատչելիության հղումներ

Մեղադրանքներ միմյանց հասցեին. ՄԱԿ-ում ելույթ ունեցան Միրզոյանն ու Բայրամովը


ՄԱԿ
ՄԱԿ

Ավելի քան մեկ տարի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցող Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները երեկ կրկին միմյանց մեղադրեցին ամենածանր հանցագործությունների մեջ։

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից՝ Արարատ Միրզոյանը պնդեց՝ Ադրբեջանը գնում է պատերազմի ճանապարհով` արհամարհելով միջազգային հանրության կոչերն ու սկզբունքները։

«Բառացիորեն մեկ տարի առաջ հենց այս ամբիոնից ՀՀ վարչապետը ներկայացրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի փաստը։ Այդ ժամանակվանից իրավիճակն է'լ ավելի է սրվել, և այսօր ես ստիպված եմ ներկայացնել հերթական լայնածավալ հարձակումը, այս անգամ Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդի դեմ՝ որպես միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում: Սա ի ցույց է դնում Ադրբեջանի անարգանքն ու արհամարհանքը այստեղ՝ Նյու Յորքում, հավաքված միջազգային հանրության նկատմամբ։ Ուղերձը հստակ է՝ «դուք կարող եք խոսել խաղաղության մասին, իսկ մենք կարող ենք գնալ պատերազմի ճանապարհով, և դուք չեք կարողանա որևէ բան փոխել»», - ասաց նա։

Ադրբեջանի արտգործնախարարը քսան րոպեանոց ելույթում 34 անգամ հիշատակեց Հայաստանն ու Հայաստանի իշխանություններին, բոլոր դեպքերում՝ մեղադրանքի տոնով։ Բայրամովը կրկին պնդեց, թե բանակցություններին զուգահեռ «Հայաստանը Լաչինի միջանցքով զենք -զինամթերք է տեղափոխել, մոլորեցրել միջազգային հանրությանը», թե Ղարաբաղում մարդիկ սովամահության են մատնված, «չի հանել իր զորքը Արցախից ու գնացել է ռազմական սադրանքների»։

«Ի պատասխան Ադրբեջանը տեղային հակաահաբակչական գործողություններ ձեռնարկեց՝ ապօրինի ռազմական խմբավորումները չեզոքացնելու, իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու և իր բնակիչների անվտանգությունը երաշխավորելու համար։ Այդ միջոցառումները սահմանափակ էին ու համարժեք, բացառապես զինված խմբավորումների դեմ՝ գերճշգրիտ զինամթերքի օգտագործմամբ՝ մարդասիրական օրենքի լիակատար պահպանմամբ», - ասաց նա։

Հակադարձելով Բաքվի պնդումներին, թե Ղարաբաղի դեմ վերջին հարձակման թիրախում միայն զինվորական հենակետերն են եղել, Միրզոյանը ներկայացրեց վերջին տվյալները՝ ավելի քան 200 զոհ և 400 վիրավոր, ադ թվում՝ կանայք ու երեխաներ. - «Հարյուրավոր մարդկանց ճակատագիրը մնում է անորոշ»։

Հիշեցնելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջին ամիսներին Ղարաբաղի հարցով մի քանի հրատապ նիստ է գումարել, Խորհրդի անդամների մեծամասնությունը դատապարտել է Լաչինի միջանցքի արդեն 9 ամիս ձգվող արգելափակումն ու Ադրբեջանի ռազմական գործողությունները, Միրզոյանն ընդգծեց՝ միայն խոսքով անհնար է Ալիևին կանգնեցնել, անհրաժեշտ է գործի անցնել։

«Հայաստանը բազմիցս է նախազգուշացրել միջազգային հանրությանը հստակ և գործնական գործողությունների անհրաժեշտության մասին, ներառյալ՝ ՄԱԿ-ի միջգերատեսչական կարիքների գնահատման և փաստահավաք առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ գործուղելու մասին: Բայց միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը վերջին 9 ամիսների՝ 285 օրերի ընթացքում չկարողացան օգնության հասնել մարդկանց։ Պնդումները, թե ՄԱԿ-ը տեղում ներկա չէ, հետևաբար իրավիճակը ստուգելու հնարավորություն չունի, չեն կարող արդարացում լինել անգործության համար։ ՄԱԿ-ը համընդհանուր մարմին է, որը պետք է աջակցի զանգվածային ոճրագործությունների զոհերին ամբողջ աշխարհում՝ անկախ տարածքի կարգավիճակից», - հայտարարեց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Վերջին օրերին պաշտոնական Երևանը խոսում է ՄԱԿ-ի մանդատի ներքո Ղարաբաղում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին: Առայժմ հայտնի չէ` կա նման ծրագիր, կամ եթե քննարկման դրվի, ինչպե՞ս կարձագանքի Մոսկվան, որն ամեն կերպ փորձում է սեփական խաղաղապահների ներկայությունը ապահովագրել:

Բաքուն, իր հերթին, երեկ կրկին պնդեց՝ Ղարաբաղն իր ներքին հարցն է, որը լուծելիս ոչ միջազգային մեխանիզմի կարիք կա, ոչ էլ երաշխիքների։

«Ուզում եմ կրկին վերահաստատել, որ Ադրբեջանը հաստատակամ է վերաինտեգրել Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայ բնակիչներին՝ վերաբերվելով նրանց որպես իր լիարժեք քաղաքացինեի։ Ադրբեջանի սահմանադրությունը, ազգային օրենսդրությունը և մինչ օրս ստանձնած միջազգային պարտավորությունները ամուր հիմք են ստեղծում սրա համար», - շեշտեց Բայրամովը։

Պաշտոնական Երևանն ու Արևմուտքը, մինչդեռ, պնդում են՝ Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար միջազային մեխանիզմներ են անհրաժեշտ, եթե այսօր ՄԱԿ-ը գործուն քայլեր չանի, «Ղարաբաղի բնակչությունը կարող է ցեղասպանության ենթարկվել»:

«Եվ դա դեռ վերջը չէ», - զգուշացրեց Հայաստանի արտգործնախարարը. - «Հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը, միջանցք, որը կանցնի Հայաստանի տարածքով, բայց դուրս կլինի մեր վերահսկողությունից։

<> Սա անընդունելի է Հայաստանի համար և պետք է անընդունելի լինի միջազգային հանրության համար»։

XS
SM
MD
LG