ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած զրույցներում խորը մտահոգություն է հայտնել «անցած շաբաթվա գործողությունների, մասնավորապես՝ Ադրբեջանի ռազմական գործողությունների վերաբերյալ»։ Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ինքը՝ Բլինքենը՝ հավելելով, որ ուժի կիրառումն անընդունելի է և հակասում է գործադրված ջանքերին:
«Գործողությունները, որոնք մենք տեսանք այս շաբաթ, պարզապես հակասում են այդ ջանքերին, ինչպես նաև արդար և երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերին, որի ուղղությամբ մենք աշխատանքներ ենք տանում: Դա տարածաշրջանի երկու երկրների համար հսկայական օգուտ կբերի և դրական փոփոխություն 30 տարվա հակամարտությունից հետո», - նշել է նա։
ԱՄՆ պետքարտուղարը նաև իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի բնակչության հումանիտար իրավիճակի կապակցությամբ. «Մարդասիրական կազմակերպությունների համար կարիքավոր բնակչությանն անարգել հասանելիություն ունենալու հրամայականը նույնպես մեր մտածողության առաջնահերթություններից է, ուստի մենք սերտ կապի մեջ ենք եղել բոլոր կողմերի հետ»։
Հարցին՝ Միացյալ Նահանգները ճանաչո՞ւմ և աջակցո՞ւմ է Ադրբեջանի իրավունքը՝ վերականգնելու սեփական տարածքային ամբողջականությունը, նա պատասխանել է. «Ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը, ապա մենք պաշտպանում ենք այդ սկզբունքները բոլոր շահագրգիռ կողմերի պարագայում»։