Մատչելիության հղումներ

Լաչինով և Աղդամով Արցախ է հասել հումանիտար օգնություն. 23 տոննա հայկական ալյուր և ռուսական, շվեյցարական պարագաներ


Ավելի քան 3ամիս շարունակված լիակատար շրջափակումից հետո՝ այսօր վաղ առավոտյան Կարմիր խաչի միջնորդությամբ Ղարաբաղ հումանիտար բեռ է մտել միաժամանակ երկու ճանապարհներով՝ Լաչինի միջանցքով և Աղդամով: Լաչինի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, տեղափոխվել է մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։

Կարմիր խաչը շեշտում է՝ շրջափակումը ճեղքվել է դիվանագիտական համառ ջանքերի արդյունքում։

«Ֆրանսպրես»-ը տեղից հաղորդում է՝ սննդի սուր պակասից բացի արցախցիներին նաև պատերազմի մոտալուտ վտանգն է սպառնում։ Ադրբեջանը վերջին օրերին կրկին սկսել է զորք կուտակել շփման գծում։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, թե Աղդամով ուղարկված օգնությունը կբաժանվի փորձաքննությունից հետո միայն։ Հովիկ Ավանեսովը, ով շաբաթներ շարունակ ընդդիմանում էր Աղդամի ճանապարհի բացմանը, պնդում է, թե արցախցիների համար առաջնային է միայն Լաչինի միջանցքի անխափան ու անարգել գործարկումը։ Արցախցի քաղաքագետը համակարծիք է իշխանությունների հետ՝ Ադրբեջանի նպատակը Արցախը հայաթափելն է:

«Այսպես նույն շրջափակումը շարունակվում է, նույն հումանիտար խնդիրները շարունակվել ու շարունակվելու են, քանի որ Ադրբեջանը ցանկացած վայրկյանի դադարեցնելու է շարժը և՛ Բերձորի միջանցքով, և՛ նաև ինչ համաձայնության եկել են Ակնա- Ստեփանակերտի հարվածով, նաև այդտեղով՝ փորձելով այլ խնդիրներ ու այլ հարցեր լուծել: Սա ադրբեջանական գործելաոճն է», - ասաց Ավանեսովը:

Արցախի նախկին պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն էլ է վտանգներ տեսնում. այսպես Բաքուն աստիճանաբար կփորձի օրակարգից հանել Լաչինի միջանցքի հարցը՝ ցույց տալով աշխարհին, որ հնարավոր է հումանիտար օգնություն հասցնել Ադրբեջանից։

«Որպեսզի հետո ասեն՝ ոչ միայն հումանիտար աջակցություն կարող է այստեղից լինել, այլ նաև կարող է լինել կոմերցիալ նշանակության մատակարարումներ, այնուհետև կարող են ասել՝ դե առևտուր պետք է անել, առևտուրը պետք է լինի մանաթով և այլն, և այլն: Բազմաթիվ նմանատիպ հետագա կողմնակի ու ուղղակի հետևանքներ կան, որոնք մեզ սպառնում են: Իսկ այս տեսանկյունից մենք ունենք և՛ արժանապատվության խնդիր, ռեալ անվտանգության խնդիր, և՛ սննդի, և՛ ֆիզիկական անվտանգության խնդիր՝ Ակնայի ճանապարհի գործարկման պարագայում», - ասաց Բեգլարյանը:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երեկ արդեն հայտարարել է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բաց է, ֆունկցիոնալ:

«Դրա գործարկումը Ադրբեջանի արդար, սկզբունքային, օրինական և անբեկանելի դիրքորոշումն է», - X-ում գրել է Հաջիևը՝ պնդելով, թե «ամբողջ միջազգային հանրությունը ևս մեկ անգամ ականատես եղավ, որ չկա այսպես կոչված շրջափակում»:

Առայժմ, սակայն, հստակ չէ՝ արդյոք հումանիտար բեռների մատակարարումը շարունակական կլինի։ Կարմիր խաչը միայն հույս է հայտնել, որ որոշում կայացնողների միջև համաձայնությունը թույլ կտա ճեղքել շրջափակումը նաև հաջորդ շաբաթներին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG