Մատչելիության հղումներ

Միջազգային դերակատարները պնդում են Լաչինի միջանցքը բացելու կարևորությունը


Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը սեպտեմբերի 12-ի ճեպազրույցում նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Պետքարտուղարն անձամբ է ներգրավված, ինչպես նաև մյուս պաշտոնյաները անցած շաբաթվա ընթացքում մի շարք հեռախոսազրույցներ են ունեցել։

Աղդամի ճանապարհով ռուսական հումանիտար օգնությունը Ստեփանակերտ հասնելու առիթով նա պնդել է նաև Լաչինի միջանցքը բացելու կարևորությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում հումանիտար մատակարարման մեկ խմբաքանակ Աղդամի ճանապարհով անցել է Լեռնային Ղարաբաղ։ Մենք կրկնում ենք մեր կոչը կոնկրետ հարցում՝ երկու միջանցքների բացման կարևորությունը երկիր, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ ավելի երկարաժամկետ առումով», - ասել է նա։

Նրա խոսքերով՝ երկու երկրները գալիս են վերջնական համաձայնության։

Մեթյու Միլերը չի արձագանքել հակամարտության մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններին, տարածաշրջանային իրավիճակում Փաշինյանին մեղադրելու, հակամարտությունը օգտագործելու միջոցով Հայաստանի ժողովրդավար ընտրված ղեկավարին տապալելու մտադրության, «Վագների» վարձկաններ Հայաստան ուղարկելու լուրերին, որոնց մասին հարցրել էր «Թուրանի» թղթակիցը։

Նա կարճ ասել է, թե չի պատրաստվում արձագանքել այդ մեկնաբանություներին։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը հատուկ ուշադրություն է դարձել Մեթյու Միլերի «երկիր» բառին ու իր լուրը այսպես է վերնագրել․ «ԱՄՆ պետդեպարտամենտը Լեռնային Ղարաբաղը երկիր կոչեց»։

Հիշեցնենք, որ Ղարաբաղի հարցով սեպտեմբերի 14-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձաժողովում լսումներ են անցկացվելու։

Լսումների նախօրեին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ, քանի որ նրա կառավարությունը ցեղասպանություն է իրականացնում Արցախի հայերի դեմ։ Նա վկայակոչել է միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին, ով ասել էր, թե Ադրբեջանը ցեղասպանության թաքնված զենք է օգտագործում՝ Ղարաբաղի հայերին զրկելով սննդամթերքից։

«Ալիևի կառավարությունը նողկալի վայրագությունների արշավ է իրականացնում, որը Արցախում հայերի ցեղասպանության նշաններ է կրում։ Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք այդ էթնիկ զտումները իրականացնող մարդկանց։ Մենք պետք է նրանց, ներառյալ նախագահ Ալիևին պատժամիջոցների ենթարկենք»,- հայտարարել է Մենենդեսը։

Հայ-ադրբեջանակն կարգավորման, ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու ջանքեր է գործադրում նաև Բրյուսելը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի խոսնակ Եկատերինա Կազինջեն նախօրեին հայտարարություն է հրապարակել, ուր նշված է, որ սեպտեմբերի 1-ին հրապարակայնորեն շարադրված տարրերին ու առաջարկներին համապատասխան՝ Շառլ Միշելը ակտիվորեն ներգրավված է դրանք, ինչպես նաև այլ մոտեցումներ առաջ մղելու գործում՝ կենտրոնանալով լարվածության թուլացման ու Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի վրա։

«Շառ Միշելը վերջին օրերին ինտենսիվ շփումներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սեպտեմբերի 9 -ի հեռախոսազրույցների ժամանակ, ինչպես նաև սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ», - նշված է հայտարարությունում։

Լարվածությունը թուլացնելու, Ղարաբաղին հումանիտար օգնությունը հասանելի դարձելու առումով նշված է ռուսական հումանիտար բեռի անցումը Աղդամի ճանապարհով։

«Հուսով ենք՝ այն խթան կդառնա տեղի բնակչությանը հումանիտար կանոնավար մատակարումները վերսկսելու համար։ Իրավիճակը տեղում արագորեն վատթարանում է։ Չափազանց կարևոր է ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները Ղարաբաղի հայերին։ Աղդամ-Ասկերան երթուղու բացումը կարևոր քայլ է, որը պետք է նպաստի նաև Լաչինի միջանցքի բացմանը։ Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին ցուցաբերել պատասխանատվություն և ճկունություն՝ ապահովելու ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամ-Ասկերան երթուղու օգտագործմանը»,- նշված է Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցչի տարածած հայտարարությունում։

Եվրամիությունը վերահաստատել է իր հաստատակամ դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախորդ պայմանավորվածությունների և Արդարադատության միջազգային դատարանի վճռի համաձայն։

Բրյուսելը նաև ակնկալում է, որ այսօրվա իրադարձություններին առաջիկայում կհետևեն ավելի կոնկրետ քայլեր, մասնավորապես երկխոսություն Բաքվի ու Ստեփանակերտի միջև Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության շուրջ, հաշտեցման ջանքերի և հայ-ադրբեջանական ընդհանուր խաղաղության գործընթացում։

Այս հայտարարությունների, կոչերի ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Լաչինի ու Ադղամի ճանապարհը փակ մնալու համար մեղադրել է Հայաստանին ու Ղարաբաղին։

XS
SM
MD
LG