Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով բեռների մատակարարումները Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և կոչ արել կարգավորել այդ գործընթացը։
Եվրամիության պաշտոնյան նաև կարևորել է Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մեկնարկը։
«Նաև կարևոր է բանակցություններ սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև՝ իրավունքների և անվտանգության հարցով, Եվրամիությունը պատրաստ է աջակցել»,- X-ում գրել է Միշելը։
Այսօր Կարմիր Խաչի բեռնատարները միաժամանակ մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ Լաչինի և Աղդամի ճանապարհներով։
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ Լաչինի միջանցքով Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Աղդամով՝ ռուսական, շվեյցարական արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։
Շտաբի փոխանցմամբ, մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով Ռուսաստանի Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով: