Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է Բախմուտի մոտակայքում գտնվող Անդրեևկա գյուղը գրավելու մասին:
«Հարձակողական գործողությունների ընթացքում մեր ուժերը մասնակի հաջողություններ են գրանցել Կլեշչևկայի մոտ և գրավել են Անդրեևկան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այն Բախմուտի մոտ գտնվող առաջին բնակավայրն է, որն ուկրաինացիները կարողացել են հետ գրավել: Գարնանը ռուսները՝ «Վագների» մասնավոր ռազմական ընկերության մասնակցությամբ, արյունալի մարտերի արդյունքում գրավել են այդ տարածքը:
Կլեշչեևկան և Անդրեևկան գտնվում են Բախմուտի ավերակներից ընդամենը մի քանի կիլոմետր հարավ։ Ուկրաինացիների բանակն ամռան սկզբից փորձում է շրջափակել Բախմուտը, որի գրավումը ռուսները մարտական կարևոր նվաճում են անվանել:
Ռուսական մի շարք ռազմական Տելեգրամ-ալիքներ երեկ հաղորդել են, որ ռուսները լքել են թե՛ Անդրեևկան, և թե՛ Կլեշչեևկան։ Նրանք, սակայն, պնդել են, որ այդ երկու ավերված բնակավայրերը գտնվում են «գորշ գոտում» և չեն վերասհկվում ոչ ռուսների, ոչ էլ ուկրաինացիների կողմից: