Մատչելիության հղումներ

Մենենդես. «Ալիևն ուզում է սովամահության ենթարկելով հպատակեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին»


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդես, արխիվ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդես, արխիվ

ԱՄՆ Պետական դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Քիմը հավատացնում է, որ Վաշինգտոնը չի հանդուրժի հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա:

«Խանութների դարակները դատարկ են, շտապօգնության մեքենաները բենզին չունեն, վիժումների թիվը եռապատկվել է, և, ըստ BBC-ի ռեպորտաժի, մահերի մեկ երրորդի պատճառը թերսնումն է», - ահա այսպիսի մռայլ եղանակով է Բոբ Մենենդեսը Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում բացել Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացության մասին լսումները:

Հանձնաժողովի նախագահ Մենենդեսի և մյուս սենատորների հարցերին պատասխանել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը:

Լսումները վարող Մենենդեսը նկարագրել է արցախահայերի ծանրագույն կացությունը, նշելով, որ բնակիչների զանգվածային սովամահությունը շաբաթների հարց է: Այդ հանցագործությունը պետք է կանխել, ի՞նչ է անում դրա համար Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունը:

Սենատորները Քիմին բազմաթիվ հարցեր են ուղղել, ահա դրանցից մի քանիսը՝ 2020-ի նոյեմբեր 9-ի եռակողմ հայտարարությամբ վիճակը պետք է հսկեին ռուսները, սակայն նրանք ոչինչ չեն անում, ինչպե՞ս կարող է Վաշինգտոնը միջամտել: Ինչո՞ւ գործադիրը չի քննարկում 1992 թվականի Ազատության աջակցության ակտի 907 բանաձևի գործողությունը վերականգնելու հարցը: Ինչպե՞ս է հնարավոր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պարտադրել բացել Լաչինի ճանապարհը:

Յուրի Քիմն, ով անձամբ է ներգրավված բանակցային գործընթացում և հեռախոսով քննարկումներ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, սենատորներին ասել է, որ Պետական դեպարտամենտը կողմերին ակտիվորեն օգնում է արժանապատիվ և հարատև խաղաղություն հաստատելու գործում: Դա բխում է նաև ԱՄՆ-ի շահերից:

«Ստատուս քվոն բացարձակապես անընդունելի է: Մենք կանգ չենք առնի, մինչև լուծում չգտնենք, այդ միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության, բեռների փոխադրության և մասնավոր երթևեկության համար: Մենք այդ ուղերձը թե՛ հրապարակավ և թե՛ մասնավոր եղանակով հասցրել ենք Ադրբեջանի ղեկավարներին», - ասել է Քիմը:

Նա նշել է նաև, որ հայ - ադրբեջանական պատերազմն ավարտված չէ, և պետք է ամեն բան արվի երկու երկրների միջև խաղաղություն ապահովելու համար:

Նրա փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգները Բաքվին փոխանցել է երկու շատ հստակ ուղերձ: Առաջինն այն է, որ Լաչինի միջանցքը պետք է անվերապահորեն և անհապաղ բացել:

«Երկրորդ՝ մենք չենք հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա»,- ասել է Քիմը:

Լսոմների ընթացքում խոսել է նաև վետերան սենատոր Բեն Քարդինը: Նա նշել է, որ այս առճակատումը շատ երկար է տևում, ինքը խնդրին ծանոթ է դեռ 1990-ականներից: Պատմությունը վկայում է, որ Միացյալ Նահանգները կարողացել է վճռական քայլերով նպաստել երկարատև հակամարտությունների կարգավորմանը:

«Միացյալ Նահանգների առաջնորդող դերը չափազանց կարևոր է այս երկարատև առճակատումը լուժելու համար», - ասել է Քարդինը:

Լսումներին ավարտին նախագահող Մենենդեսը հարց է տվել, թե ինչո՞ւ է Ալիևն անտեսում բոլոր կոչերը և փակ պահում միջանցքը, ինչո՞ւ ԱՄՆ գործադիրը չի ցանկանում դիմել ավելի կոշտ քայլերի, արծարծել նրա նկատմամբ անձնական սանկցիաներ սահմանելու և պատասխանատվության կանչելու հնարավորությունը:

Քիմը պատասխանել է, թե գերադասում է այդ մասին չխոսել բաց լսումներում, դա կարելի է քննարկել դռնփակ ռեժիմով:

«Ինչո՞ւ»,- առարկել է Մենենդեսը և շարունակել. - «Ես կարող եմ տալ գաղտնիություն չենթադրող պատասխան: Նա չի բացում Լաչինը, որովհետև ուզում է սովամահության մատնելով, կամ սովամահության սպառնալիքով հպատակեցնել և իրեն ենթարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, գաղտնիք դարձնելու կարիք չկա»:

Մենենդեսը նաև դառնությամբ ավելացրել է. - «31 տարի եմ այս գործն անում, երբեմն ինձ զարմացնում են Պետական դեպարտամենտի ներկայացուցիչների մեկնաբանություններն այս հանձնաժողովում»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG