Մատչելիության հղումներ

«Գերադասում եմ մեռնեմ, բայց էրեխեքիս մոտ լինեմ»


Ադրբեջանական անցակետը Հակարիի կամրջին, արխիվ
Ադրբեջանական անցակետը Հակարիի կամրջին, արխիվ

«Լավ է մեռնեմ», - ասում է խրամորթցի Գայանե Տիգրանյանը, որ փակ միջանցքի պատճառով չի կարողանում Երևան բուժվելու գալ։ 36-ամյա կինը չարորակ հիվանդություն ունի, մեկ անգամ վիրահատվել է, հիմա դարձյալ կարիք կա:

«Համ վիրահատություն, համ, իրենց ասելով, քիմիոթերապիա», - ասում է Գայանեն: Անընդհատ վատ է զգում. - «Ուժեղ գլխացավեր ա լինում, սրտխառնոց, գլխապտույտ, աչքերիս առաջը սևանում ա, գիտակցության կորուստ ա լինում: Անգամ լեզուս ա կուլ գնում, խեղդոց ա լինում, հենց ա՝ ինչ-որ մեկը կոկորդիցս բռնած ինձ խեղդում ա...»:

Բաքուն թեպետ ամենօրյա ռեժիմով պնդում է, թե Լաչինի միջանցքը բաց է հայկական երթևեկության համար, սակայն այդտեղով Կարմիր Խաչի մեքենաների ուղեկցությամբ միայն հիվանդներն են անցնում՝ նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցված ցուցակներով։ Գայանեին նույնպես պատրաստ են տեղափոխել՝ Արցախի կառավարությունից են ասել, բայց կինը չի կարող իր երեք փոքր երեխաներին թողնել Խրամորթում ու ինքը փրկվել, ուզում է երեխաների հետ գալ:

«Ասում ա՝ թույլ չեն տալիս մենք էրեխա տեղափոխենք, որովհետև իրանք չեն կարում ձեր անվտանգությունը ապահովեն, քեզ որպես հիվանդ կարանք տեղափոխենք, բայց էրեխեքի հետ՝ չէ: Այսինքն՝ եթե քո էրեխուդ Հակարիի կամուրջին թուրքը վերցնի տանի, մենք ոչ մի բան չենք կարա անենք, կարա էրեխուդ տանի թուրքը Բաքու, բայց քեզ տեղափոխենք Երևան», - «Ազատության» հետ զրույցում պատմում է կինը:

Ընտանիքը Խրամորթում է ապրում, տունը հենց Քարագլխի տակ է, նրանց հարյուր մետր է բաժանում ադրբեջանական դիրքից: Գայանեն չի պատկերացնում, թե ինչպես կարող է երեխաներին վտանգի մեջ թողնել. - «Իմ էրեխեքս առանց խնամքի՝ չեմ կարա ես իմ առողջության համար թողեմ էթամ, էլի, այսինքն՝ իմ էրեխեքիս կյանքը ինձանից թանկ ա, ես գերադասում եմ մեռնեմ, բայց էրեխեքիս մոտ լինեմ»:

Չավարտվող բլոկադայում ապրող մարդիկ սննդի, նույնիսկ 200 գրամ հաց հայթայթելու խնդրից բացի, բազմաթիվ այլ անլուծելի դժվարությունների են հանդիպում:

«Դե ես փորձում եմ, մի քիչ դժվար ա, բա ինչ ա: Իրեք էրեխա դպրոց են գնում, ես չեմ հասցնում իմ էրեխեքով զբաղվեմ: Տղամարդ պետք ա՞ լինի, որ էդ հարցերով զբաղվի: Փաստաթուղթ ա, տար, բեր, ախր... Հիմա բանկի վարկ ա, ես ո՞ւմ ասեմ՝ ինձ էդքան գումար տու՝ իմ վարկս մարեմ, մենք քիչ-քիչ կաշխատենք՝ կտանք, չկա: Դեմը ձմեռ ա գալիս հեսա», - ասում է Քաշաթաղի բնակչուհի Գայանե Հայրապետյանը:

Հակարիի ադրբեջանական անցակետը 9 ամիս է բաժանել է Գայանե Հայրապետյանին ու նրա հինգ երեխաներին ամուսնուց, հորից. - «Կարոտում են, բա ինչ են անում, ինը ամիս չեն տեսել: Ես էսա ինչքան ժամանակ ա մի փոքր վեշ եմ կապել իրան՝ զուտ շոր ա, օճառ, մեկ էլ հիգիենայի պարագաներ, ես չեմ կարողանում Կարմիր Խաչով ուղարկել իրեն»:

Քաշաթաղից տեղահանված ընտանիքն այժմ Գորիսում է, ամուսինը, որ գործով Արցախում էր, ընտանիքին միանալ չի կարող։ Ավելին՝ Գայանեն պետության տրամադրած բնակարանի գնման սերտիֆիկատը ձեռքին տունն ընտրել ու այն գնել չի կարող, որովհետև բանկային ձևակերպումներն առանց ամուսնու կամ նրա ուղարկած փաստաթղթերի չեն լինի. - «Կամ պետք ա մենք էդ փաստաթուղթը, ամուսինս կարողանա էնտեղից ուղարկի, կամ էլ պետք ա ինքը կարողանա գա, որ մենք մեր տան հարցը լուծենք: Ու մենակ իմ խնդիրը չի էս սերտիֆիկատի հետ՝ շատ մարդիկ կան, որ յուրաքանչյուրին հատուկ խնդիր ունի, ու էդ հարցին լուծում չկա: Մարդիկ ավելի շուտ հոգեկան խնդիրներ կունենան, քան՝ տուն»:

Ադրբեջանական անցակետը խափանում է ընտանիքի նոր տուն ունենալու երազանքը։ Վարձով են ապրում ՝ բոլորով խցկված մի ննջարանում։

«Ես առաջինը չեմ, հասկանում եմ, հարյուրավոր, հազարավոր մարդիկ շրջափակման մեջ են՝ սոված, ծարավ, ես շատ լավ հասկանում եմ: Բայց ես չեմ կարա իրեք անչափահաս էրեխեքի հետ համ հեր լինեմ, համ մեր», - նշում է Գայանեն:

Կինը չի հավատում, թե երբևէ անվտանգ մի ճանապարհ կլինի Հայաստանն Արցախին կապող, եթե անգամ միջանցքը բացվի, չի կասկածում՝ այդտեղից առևանգվող հայեր միշտ են լինելու. - «Հենց իրանց ուզածն ա, որ մեր հայերին սովամահ անեն, մարդկանց, տանջեն մի լավ, հենա ասում են՝ մտեք մեր կազմի մեջ, թուրք դառեք մեր նման, դառնանք մենք իրանց ստրուկ, ապրենք իրանց ազգի տակ՝ իրանց դրոշի տակ, իրանց պասպորտով»:

Ադրբեջանական դրոշի տակ արցախցի կինն ապրել չի ուզում, Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում է ծնվել, 90-ականներին ադրբեջանցիները գրավեցին գյուղը, անտառներով մի կերպ փախան Ստեփանակերտ, հետո արդեն Քաշաթաղի Հերիկ գյուղի վերաբնակիչ դարձավ, այդտեղ ծնվեցին նրա հինգ երեխաները:

44-օրյա պատերազմից հետո փախան նաև Հերիկից, պատերազմից մեկ տարի առաջ էր գյուղում նոր դպրոց բացվել, պատերազմից հինգ տարի առաջ էին գյուղում ապրողները հոսանք ունեցել... «Այնքան չարչարվեցինք, որ լավ լինի, ու լավ չեղավ», - դառնանում է Գայանեն, որ հոգնել է անընդհատ փախչելուց. բաց միջանցք է ուզում, որով ամուսինը կգա, ու իրենք վերջապես տուն կունենան։

«Գերադասում եմ մեռնեմ, բայց էրեխեքիս մոտ լինեմ»
please wait

No media source currently available

0:00 0:05:12 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG