Անկարան առաջարկում է Ղարաբաղի հարցով Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների քառակողմ հանդիպում անցկացնել, Նյու Յորք մեկնելուց առաջ Ստամբուլում ճեպազրույցի ընթացում հայտարարել է նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Այդպիսի առաջարկ արել ենք։ Այսինքն՝ ես, Պուտինը, Իլհամ Ալիևը և Փաշինյանը։ Ես ասել եմ՝ եկեք հանդիպենք, միասին քննարկենք քայլերը, որ պետք է կատարվեն։ Տվյալ պահին այս առաջարկին ո՛չ բացասական, ո՛չ դրական պատասխաններ չենք ստացել», - ասել է Էրդողանը:
Ադրբեջանի ամենամոտ դաշնակից երկրի նախագահի խոսքով՝ քառակողմ հանդիպման նախաձեռնության նպատակն է, որ բանակցությունները վարեն հենց այն երկրների ղեկավարները, որոնք առնչություն ունեն խնդրին, այլ ոչ թե «Ղարաբաղի թեմայի հետ կապ չունեցող կողմերը»։ Հայ - ադրբեջանական բանակցություններում բացի Մոսկվայից, Վաշինգտոնն ու Բրյուսելն են ներգրավված։
«Ես այս հարցը ևս մեկ անգամ կքննարկեմ Ալիևի հետ։ Մենք կաշխատենք կոնկրետացնելու վրա և ուշադիր կհետևենք զարգացմանը», - նշել է Թուրքիայի նախագահը:
Առայժմ հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում ունի այս առաջարկի վերաբերյալ պաշտոնական Երևանը, արդյոք Անկարայից նաև հայկական կողմին են ուղիղ առաջարկել նման ձևաչափով քննարկումներ անցկացնել, արդյոք այդ հարցին անդրադարձ կատարվել է սեպտմեբերի 11-ին Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի ընթացքում, Հայաստանի կառավարությունից «Ազատությանը» դեռ չի հաջողվել պարզել։
«Եթե այս ձևաչափն իրականություն դառնա, Երևանը միայնակ է մնալու»
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը համոզված է՝ եթե արևմտյան ու ռուսական ձևաչափերին զուգահեռ նաև այս ձևաչափն իրականություն դառնա, Երևանը միայնակ է մնալու. - «Հաշվի առնելով այն, թե ինչպիսի գործակցային միջավայր և հետագիծ կա Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան միջավայրում... Մյուս կողմից՝ դե ֆակտո այդ իրականությունը կա, այսինքն՝ մենք գործ ունենք այդ իրականության հետ՝ Թուրքիայի դերի հետ, դե այդտեղ դե յուրե ինչ-որ բաներ մերժելով մենք հարցեր դժվար թե կարողանանք լուծել: Հետևաբար, մերժում ենք թե որևէ կերպ համաձայնում ենք ինչ-որ քննարկումների՝ այդտեղ շատ կարևոր է, թե այդ ամեն ինչում մենք մեր մոտեցումները ինչ բովանդակությամբ ենք բերում, ինչպես ենք հիմնավորում»:
Բադալյանն ասում է՝ եթե Երևանը քննարկի քառակողմ ձևաչափին իր մասնակցությունը, ապա պետք է ընդգծի, որ դա չի կարող գործել ի հաշիվ գործող ձևաչափերի։
«Ինչպես, օրինակ, 3+3 այդ ձևաչափի վերաբերյալ Երևանը հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ չէ քննարկել հարցեր այդ ձևաչափում, բայց այն չպետք է, այսպես ասած, իր վրա վերցնի այլ ձևաչափերում եղած օրակարգերը, որոնք վերաբերում են հայ - ադրբեջանական խնդրին, արցախյան խնդրին: Այս դեպքում էլ Երևանը կարող է քառակողմում ինչ-որ հարցեր քննարկել, բայց դա չպետք է փոխարինի մյուս եղած ձևաչափերին, որովհետև դրանք թույլ են տալիս, այսպես, շատ թե քիչ հավասարակշռել իրավիճակը», - «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբանը:
Հակոբ Բադալյանը նկատում է՝ հարց է նաև, թե արդյոք Մոսկվան կընդունի այս առաջարկը, որը կասկածի տակ կարող է դնել մինչև այս պահը Ռուսաստանի ունեցած դերակատարությունը:
«Եթե Թուրքիան բերում է արդեն քառակողմ ձևաչափի առաջարկ, ապա Ռուսաստանի այդ հատուկ դերի հանգամանքն է նաև դրանով կասկածի տակ հայտնվում: Եթե Ռուսաստանը գնա այդ համաձայնությանը, դա կնշանակի, որ արդեն Թուրքիայի հետ կիսում է նաև այդ դերակատարումը: Դե ֆակտո Ռուսաստանը դա կիսել է վաղուց, որովհետև [2020 թվականի] նոյեմբերի 9-ի համաձայնագիրը թեպետ ունի դե յուրե երեք կողմ, բայց կասկածից վեր է, որ այդ համաձայնությունը, ընդհանրապես, լայն իմաստով պատերազմի դադարեցման համաձայնությունը գործնականում նաև Թուրքիայի մասնակցությամբ կայացած համաձայնություն էր», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:
Բադալյանն ասում է՝ այստեղ նաև առանցքային է, թե Անկարայի առաջարկին ինչպես կվերաբերվի Թեհրանը. - «Որովհետև մենք գիտեք, որ Իրանը մշտապես առաջարկում է հարցերի քննարկման ռեգիոնալ ձևաչափ, հիմա, Թուրքիայի այդ առաջարկը նշանակում է, որ նաև Իրանն է ինչ-որ իմաստով խաղից դուրս մնում, և կարծում եմ՝ սա ևս մի հանգամանք է, որ կարող է օգտագործել Երևանը իր համար կարևոր խնդիրները բարձրաձայնելու համար, և այդ տեսանկյունից, եթե անգամ նաև փորձում ենք չեզոքացնել այդ առաջարկը, եթե Երևանը մերժում է այդ առաջարկը, ապա Իրանի գործոնը կարող է դառնալ այստեղ դա անելու բավական էական բովանդակային փաստարկ»:
Մեկնաբանը կարծում է, որ Անկարայից նման ձևաչափի առաջարկը դեռ չի նշանակում, որ թուրքական կողմը նպատակ ունի այն իրականացնել։ Չի բացառում՝ Անկարայի դրդապատճառներն այլ կարող են լինել. - «Ամենևին չի բացառվում, որ Թուրքիան, որը ձգտում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև, այսպես, յուրօրինակ միջնորդական առաքելություն ամրագրել իր համար, չի բացառվում, որ այս գաղափարով, այս առաջարկով փորձում է, այսպես, միջավայրում իր խաղաքարտերը և մանևրի տարածությունը ընդլայնել, և զուտ դրա համար, տակտիկական նշանակության համար բերում է այս առաջարկը, այլ ոչ թե իբրև նպատակ, որին անպայմանորեն ուզում է հասնել»:
Օրեր առաջ Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո Հայաստանի վարչապետը այն բովանդակային ու օգտակար էր համարել, սակայն ոչ մի մանրամասն չէր բացահայտել, չէր ասել նաև, թե արդյոք Թուրքիայի նախագահից քառակողմ բանակցությունների հրավեր ստացել է, թե՝ ոչ։