20 ժամ տևած լռությունից հետո պաշտոնական Բաքուն ի վերջո արձագանքեց Արցախի շրջափակման հարցով Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումներին։
Լաչինի միջանցքը անհապաղ բացելու պահանջները, Ալիևի վարչակազմի հասցեին ԱՄՆ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կոշտ քննադատությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ի գնահատմամբ, կեղծիքների վրա հիմնված հայտարարություններ են, լսումները նախաձեռնած դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսն էլ՝ Ադրբեջանի նկատմամբ «թշնաբար» տրամադրված, «կոռուպցիոն» սկանդալներում ներգրավված քաղաքական գործիչ, որը հեռու է «քաղաքական էթիկայի կանոններից»։
«ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմի հնչեցրած հայտարարություններն որևէ ընդհանրություն չունեն իրականության հետ և պարունակում են աշխարհով մեկ Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի տարրեր», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։
Ադրբեջանի զայրույթն է հարուցել հատկապես Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի այն հավաստիացումը, թե Վաշինգտոնը չի հանդուրժի հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։ Պետքարտուղարի օգնականը նաև պնդել էր, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրում պետք է ներառվի «Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքների և անվտանգության» մասին հղումը։
«Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդ եզրույթը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանության»,- հակադարձել է Հաջիզադեն:
Հակապատերազմական ակցիաները բախվում են իշխանական կոշտ քարոզչամեքենային. ադրբեջանցի լրագրող
Թեև Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչը, ինչպես այսօր, այնպես էլ նախորդ օրերին իր հայտարարություններում հավաստիացնում էր, թե հակամարտող կողմերից Բաքուն է, որ խաղաղություն է առաջարկում, այս օրերին Ադրբեջանում խաղաղություն պահանջող ձայների դեմ բռնաճնշումները տարակարծությունների տեղիք են տալիս։
Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ զորքերի կուտակման ֆոնին մի խումբ ակտիվիստների հակապատերազմական ակցիաները բախվում են իշխանական կոշտ քարոզչամեքենային։ Ընդ որում, եթե նախկինում իշխանությունը նախընտրում էր արհամարհել պատերազմը մերժող ձայները կամ նրանց թիրախավորելու գործը պատվիրակել ազգայնական շրջանակներին, ապա այժմ խաղաղություն քարոզողներին թիրախավորմանը միացել են ինչպես պետական լրատվամիջոցները, այնպես էլ կառավարության ներկայացուցիչներ, իշխող ուժի պատգամավորներ, Eurasianet պարբերականում գրում է Բահրուզ Սամադովը։
Ադրբեջանցի լրագրողի փոխանցմամբ՝ բռնաճնշումների նոր ալիքը հաջորդում է «Ֆեմինիստական խաղաղության կոլեկտիվի» հայտարարությանը։ 2020 թվականին ստեղծված այս կազմակերպությունը միավորում է ադրբեջանցի ֆեմինիստների, որոնք նախկինում աչքի են ընկել հակակառավարական բողոքի ակցիաներին իրենց ակտիվ մասնակցությամբ։ Այս անգամ նրանք իրենց բողոքն են հայտնել, ինչպես հայտարարությունում են հատուկ ընդգծել «Արցախի՝ ինը ամիս շարունակվող շրջափակման դեմ»։
Մանրամասն նկարագրելով Ալիևի կառավարության գործողության հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը, տասնյակ հազարավոր մարդկանց իրավունքների խախտումները, ադրբեջանցի ֆեմինիստները պնդել են՝ Ալիևի իշխանությունը նման քայլերի է դիմում նաև երկրի ներսում։
«Ադրբեջանում ստեղծվում է հայերին աջակցող նոր «ընդդիմադիր խումբ», - անմիջապես արձագանքեց իշխանամետ Publica պարբերականը։
Հոդվածագրի համոզմամբ՝ այդ շարժումը «ԵՄ-ի և Կանադայի կողմից իրականացվող ստոր արշավի մի մաս է կազմում, որի նպատակը ադրբեջանցիների շրջանում միասեռական և ապազգային գաղափարների քարոզն է»:
Հոմոֆոբիկ արտահայտությունների պակաս չկար իշխանամերձ Real TV-ի ռեպորտաժներում, հաղորդավարներից մեկը հեգնանքով նշում էր՝ «գեյերը կարող են իրենց ուզածն անել քանի դեռ հայրենասեր են»:
Պատերազմը մերժողներին թիրախավորելու արշավին անմասն չմնացին նաև պատգամավորները
Հակապատերազմական շրջանակների դեմ արշավը գագաթնակետին հասավ նրանց մի բաց քննարկումից հետո, որը տեղի է ունեցել Բաքվում։ Ալիևի ռազմատենչ հռետորաբանությունը, հարևան երկրի դեմ ոտնձգությունները դատապարտողներին իշխանության մոտ կանգնած շրջանակները անվանեցին «դավաճան»՝ պահանջելով պատժել նրանց։
Ակտիվիստների ելույթների հատվածները կայծակնային արագությամբ սկսեցին տարածվել համացանցում, «հինգերորդ շարասյուն» պիտակավորումը ևս չուշացավ։
«Տեղական «ոչ պատերազմի» կողմնակիցներ. Դավաճանների դիմակները պատռվեցին», «Ադրբեջանական ոչ պատերազմիստների լիբերալիզմը նշանակում է աջակցել ահաբեկիչներին», - նաև այսպիսի վերնագրեր են օգտագործվել ակտիվիստներին վարկաբեկելու նպատակով։
Պատերազմը մերժողներին թիրախավորելու արշավին անմասն չմնացին նաև պատգամավորները։ նախագահ Ալիևի կուսակից Էլման Մամեդովը իրավապահներից պահանջեց «անհապաղ և լուրջ միջոցներ կիրառել Ադրբեջանի պետականության ու անվտանգության դեմ գործողությունների ուղղությամբ։
«Ենի Ազերբայջան» կուսակցության մեկ այլ պատգամավոր՝ Այդին Միրզազադեն, իր հերթին պնդեց, որ «ոչ պատերազմի» ակտիվիստները «առնչություն չունեն Ադրբեջանի ժողովրդի հետ», նրանք «արտաքին ֆինանսական ռեսուրսներով Ադրբեջանում օտար շրջանակների շահերի խամաճիկներ են»։
«Նման ճնշող միջավայրում «պատերազմին ընդդիմացող» համայնքը վախեցած է և վտանգված, և շատերն այժմ նախընտրում են լռել, խուսափել լրատվամիջոցների ուշադրությունից: Բազմաթիվ առաջադեմ ակտիվիստների և ընդհանուր առմամբ Ադրբեջանի ողջ քաղաքական սպեկտրի համար ապագան անորոշ է և ոչ խոստումնալից», - Eurasianet-ի հոդվածն այսպես է ամփոփում արտերկրում բնակվում ադրբեջանցի լրագրող Բահրուզ Սամադովը։