«Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվեց «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան զորավարժության մեկնարկը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Համատեղ զորավարժության բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
«Զորավարժության օրերին կխաղարկվի հակամարտող կողմերի միջև կայունացման ապահովման գործողություններ՝ խաղաղապահ առաջադրանքների կատարմամբ։
Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը՝ ՆԱՏՕ/ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար», - ասված է հաղորդագրությունում:
Ամերիկյան կողմից վարժանքներում ընդգրկված է 85, իսկ Հայաստանը ներկայացնում է 175 զինվորական։ Ծանր զինտեխնիկա չի կիրառվելու, միայն հրաձգային զինատեսակներ։
Ռուսաստանի իշխանություններն ամենատարբեր մակարդակներով քննադատում են Հայաստանի՝ ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություն անցկացնելու որոշումը։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ ասել է, թե որևէ լավ բան չի տեսնում, որ ՆԱՏՕ-ի ագրեսիվ երկիրը փորձում է ներթափանցել Կովկաս։