Ռուսաստանի աղետալի ներխուժումն Ուկրաինա նշանակում է, որ Հայաստանն այլևս չի կարող ապավինել Մոսկվային՝ որպես իր անվտանգության երաշխավորի, նույնիսկ Ադրբեջանի հետ առճակատման մտավախությունների ավելացման պարագայում, ըստ Politico պարբերականի՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց տված հարցազրույցում։
Politico-ն նկատում է Փաշինյանի անսովոր ընդգծված քննադատությունը և եզրակացնում՝ զգացողությունը, որ Կրեմլը կորցնում է իր ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետություններում, աճում է, նաև նշում է, որ Երևանի այս հիասթափությունը կարող է շրջադարձային լինել Հայաստանի համար՝ իր ընթերցողներին ներկայացնելով նաև Հայաստանի վիճակը՝ 2,8 միլիոնանոց երկիր, որ ԽՍՀՄ փլուզումից հետո երկաթուղու, էներգետիկ ոլորտի և նույնիսկ իր սահմանների վերահսկողության մեծ մասը պատվիրակել է Ռուսաստանին, ռուս խաղաղապահներն են նաև պահպանում հրադադարը 44-օրյա պատերամից հետո։
«Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում Ռուսաստանի կարողությունները փոխվել են»,- Փաշինյանի ուղիղ խոսքն է մեջբերում Politico-ն, շարունակելով՝ Մոսկվան ցանկանում է խուսափել Ադրբեջանի և Թուրքիային իրենից հեռացնելուց, քանի որ երկու երկրների ռազմավարական կշիռը Կրեմլի համար էլ ավելի է մեծացել Ուկրաինայում պատերազմը սկսելուց ի վեր։
«Մեր ռազմավարությունն այս իրավիճակում պետք է լինի մեր կախվածությունն ուրիշներից հնարավորինս պակասեցնելը, մենք ցանկանում ենք անկախ ինքնիշխան երկիր ունենալ, բայց ուղիներ պետք է գտնենք խուսափելու արևելքի ու արևմուտքի, հյուսիսի ու հարավի միջև բախումների կենտրոնում հայտնվելուց։ Չի կարող այնպիսի վիճակ լինել, որ Հայատսանը վերածվի պրոքսի պետության, դա անթույլատրելի է»,- Փաշինյանի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը, շարունակելով. - «Մոդելը, որում մենք խնդիրներ ունենք մեր հարևանների հետ և այլոց հրավիրում ենք մեզ պաշտպանելու, կապ չունի, թե ովքեր են այդ ուրիշները, շատ խոցելի մոդել է»։
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, Նիկոլ Փաշինյանը քննադատել է, նշելով, որ նրանք տապալել են իրենց առաքելությունը, բայց հավելել է, թե չի կարող ասել, որ եթե ռուս խաղաղապահները չլինեին, Լեռնային Ղարաբաղում իրավիճակն ավելի լավը կլիներ։
Այդ բավական առոգանտ քայլերը խանգարում են կարգավորման գործընթացին. Զախարովա
Հայ -ռուսական հարաբերություններին այսօր անդրադարձել է նաև այսօր Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույզում նա շեշտել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև սեպ խրելու փորձերը կարող են աղետալի լինել հենց Հայաստանի համար. - «Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարության մեջ ոչ ոք նման նպատակ ու խնդիր չունի։ Որովհետև, իմ կարծիքով՝ դա աղետալի կլիներ հենց Հայաստանի համար»։
Հայաստանին և Ղարաբաղին անդրադարձ է եղել նաև Զախարովայի ամենշաբաթյա ճեպազրույցների ժամանակ։ Լրագրողը Հայաստանի իշխանությունների հայտարարությունները որակել է որպես ոչ բարեկամական և հարցրել՝ արդյոք դա կազդի Ղարաբաղի հակամարտությանը Ռուսաստանի վերաբերմունքի կամ խաղաղապահների տեղակայման վրա։
Զախարովան արձագանքել է, որ իրենք փորձում են հայկական կողմին բացատրել, որ այդ հայտարարությունները բացասաբար են ազդում հակամարտության կարգավորման վրա։
«Դա մեզ չէ, որ վնասում է, այդ հայտարարությունները, այդ բավական առոգանտ քայլերը խանգարում են կարգավորման գործընթացին», - ասել է նա։
Հարցին, թե ինչպե՞ս կվարվի Ռուսաստանը, արդյոք ռազմական օգնություն կտրամադրի՞ Հայաստանին, եթե հայ - ռուսական հարաբերություններում այս ճգնաժամի պայմաններում Ադրբեջանը որոշի ռազմական ագրեսիա իրագործել, Մարիա Զախարովան ուղիղ պատասխան չի տվել, նշելով. - «Հենց որպեսզի նման բան տեղի չունենա, հակամարտության գոտում, իսկ ավելի ճիշտ կարգավորվման գոտում են գտնվում ռուս խաղաղապահները, և հենց դրա համար է Ռուսաստանն իրականացնում իր միջնորդական ջանքերը՝ կոչ անելով բոլոր կողմերին կատարել այն, ինչի տակ ստորագրել են»։
Զախարովան, ըստ էության, չի պատասխանել, թե ինչու չնայած պայմանավորվածություններին՝ ռուսական հումանիտար օգնությամբ բեռնատարը ուշացումով է հասել Ստեփանակերտ, արդյո՞ք Բաքուն այլ պահանջներ է ներկայացրել, փոխարենը երկար խոսել է այն մասին, որ ռուսական կողմին դուր չեն եկել հայկական որոշ շրջանակներից ստացված արձագանքները ռուսական հումանիտար օգնության վերաբերյալ։
Զախարովան դրանք նսեմացուցիչ է որակել, ամոթանք է տվել նրանց, ովքեր չեն գնահատել Ռուսաստանի մեկնած ձեռքը և շեշտել, որ իրենք ուղարկել են այն, ինչի կարիք որ եղել է, բեռի պարունակությունը համաձայնեցվել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ։
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը, անդրադառնալով Հայաստսանում 3000 վագներականների ներկայության և նրանց միջոցով Հայաստանում հեղաշրջում իրականացնելու վերաբերյալ Տելեգրամ ալիքների հրապարակումների մասին հարցին, այդ ենթադրությունները անհեթեթ է որակել, նշելով, որ եթե Հայաստանի նման փոքր երկրում այդքան վագներական լիներ, գոնե մեկը նրանց կնկատեր, և կլինեին նաև փաստեր՝ լուսանկարներ կամ տեսանյութեր նրանց տեղակայման վայրերի մասին։