Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ նոր ժամանակավոր միջանկյալ միջոց կիրառելու պահանջը:
Միևնույն ժամանակ, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի փոխանցմամբ՝ Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ շարունակում է ուժի մեջ մնալ դեռևս 2020 թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված և նույն թվականի նոյեմբերի 3-ին ընդլայնված միջանկյալ միջոց կիրառելու որոշումը, որի ուժով Ադրբեջանը պարտավորվում է կատարել իր կոնվենցիոն պարտավորությունները։
Եվրոպական դատարանը պարտավորեցրել է նաև Ադրբեջանին տեղյակ պահել Վագիֆ Խաչատրյանի ընդհանուր վիճակի և ընթացող քրեական վարույթի մասին։
Արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին Լաչինի միջանցքում և տեղափոխվել Բաքու, երբ փորձել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։ Ձերբակալված արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ» և պնդում, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։