Ցանկացած հանդիպում, առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում, հայտարարում է Արցախի արտգործնախարարությունը՝ ուղիղ չպատասխանելով «Ազատության» հարցին՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է տեղեկությունը, թե Ղարաբաղի իշխանությունները հակված են համաձայնել Աղդամի ճանապարհի բացմանը, և որ առաջիկա օրերին այս հարցով կողմերի միջև հանդիպում է կայանալու Բարդայում:
«Ցանկացած հանդիպում Ադրբեջանի տարածքում, առավել ևս առանց միջազգային միջնորդների ներկայության, բավականին մեծ ռիսկեր է պարունակում` հատկապես հաշվի առնելով ԿԽՄԿ մանդատի ներքո գտնվող Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստը, այն էլ ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։ Ինչ վերաբերում է Աղդամի ճանապարհին, ապա ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանն այսօր անդրադարձել է այդ թեմային», - հայտնում է Արցախ ԱԳՆ-ը։
Ստեփանակերտն ընդգծում է՝ նման բանակցությունները պետք է ընթանան կողմերի միջև համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում, ինչը թույլ կտա երաշխավորել, որ բանակցություններն ընթանում են միջազգային իրավունքի նորմերին ու պահանջներին համապատասխան:
«Արցախյան կողմը բազմաթիվ անգամ միջնորդների միջոցով հանդես է եկել հանդիպումների մասին նախաձեռնություններով, ադրբեջանական կողմը սակայն մերժել է դրանք», - նշում է ԱԳՆ-ը: