Մատչելիության հղումներ

Լավրովն անընդհատ ուզում է մեր երկիրը տանել կործանման. իշխանական պատգամավոր


Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մելքոնյան («Քաղաքացիական պայմանագիր)
Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Մելքոնյան («Քաղաքացիական պայմանագիր)

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսօր խորհրդարանում հրաժարվում էին խոսել հայ-ռուսական լարված հարաբերությունների պատճառների մասին։

Միակը, որ հանձն առավ փակագծեր բացել, Պաշտպանության հանձնաժողովի անդամ, պաշտպանության նախկին փոպնախարար Գագիկ Մելքոնյանն էր. - «Դե իրանք ուզում են, որ, ասենք, մենք ոնց էղել ենք, մեր պետությունը էնենց էլ լինի։ Այսինքն՝ մեր փոխարեն իրենք որոշումներ կայացնեն, ռուսական իշխանությունները։ Բայց մենք ուզում ենք, որ մենք մեր երկրի համար որոշում կայացնենք»։

Վերջին շրջանում կտրուկ լարվել են ռազմավարական դաշնակիցներ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։ Մոսկվան անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարություն կանչեց Հայաստանի դեսպանին՝ իր դժգոհությունները հայտնելով հայ-ամերիկյան զորավարժությունների, Հռոմի ստատուտի վավերացման, Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի Կիև կատարած այցի ու հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ, ինչպես նաև բողոքի նոտա ներկայացեց դեսպան Վաղարշակ Հարությունյանին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Մարիա Զախարովայի հասցեին արված հայտարարությունների առիթով:

Պուտինին զանգելը անիմաստ է

Այս լարվածության ֆոնին, վարչապետ Փաշինյանը նախորդ շաբաթ հինգ երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցներ ունեցավ՝ այդ թվում ԱՄՆ-ի և Իրանի հետ քննարկելով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Դաշնակից երկրի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր զրույցի մասին ոչինչ չհաղորդվեց, ինչից կարելի է ենթադրել, որ Փաշինյանը Պուտինին չի զանգահարել։ Ինչո՞ւ, ո՞րն է պատճառը։

Վարչապետի թիմակից Գագիկ Մելքոնյանը փակագծեր է բացում. - «Իմ կարծիքով, պատճառը այն է, որ արդեն երկու-երեք անգամ մեր երկրի դեմ էսկալացիա ա տեղի ունեցել, մենք դիմել ենք, ո'չ ՀԱՊԿ-ն ա արձագանքել, ո'չ մեր դաշնակից պետությունը։ Ասել են, որ դա սահմանային կռիվներ են։ Արդեն իմաստ չկա իրենց դիմելու»։

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարը կրկին ափսոսանք էր հայտնել այսօր Հայաստանում մեկնարկած հայ-ամերիկյան զորավարժությունների կապակցությամբ։ Սերգեյ Լավրովը տարօրինակ էր ՀԱՊԿ զորավարաժություններից հրաժարվելու և հայ-ամերիկյան զորավարժություններ անցկացնելու Երևանի որոշումը։

Իշխանական պատգամավորը հակադարձում է, Լավրովի ասածները չպետք է հիմք ընդունել, քանի որ Ռուսաստանի արտգործնախարարը երբեք հայանպաստ լուծումներ չի առաջարկում. - «Ինքը անընդհատ ուզում ա, որ մեր երկիրը տանի կործանման։ Լավրովը։ Էս իր ծրագրերը տեսե՞լ եք, որ ասենք հայանպաստ լինեն...»

Գագիկ Մելքոնյանն ասում է, որ Երևանը պետք է փնտրի նոր բարեկամներ։ Մինչև օրս, ըստ նրա, Հայաստանը միշտ հույսը դրել է Ռուսաստանի վրա։ Մինչդեռ Ռուսաստանն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ կա'մ ինքը պետք է լինի, կա'մ Թուրքիան. - «Մենք միշտ որոշել ենք, որ Ռուսաստանը։ Նվիրվել ենք Ռուսաստանին մինչև վերջ։ Վերջապես ուրիշ երկրներ էլ կան... Պետք է բարեկամություն անենք ուրիշ նաև երկրների հետ։ Մենք հիմի սկսում ենք բարեկամություն անել Հնդկաստանի հետ, եվրոպական պետությունների հետ և Միացյալ Նահանգների հետ, Իրանի հետ»։

«Ազատության» հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում մեկնարկած հայ-ամերիկյան զորավարժությունները, ինչի կապակցությամբ մտահոգություն է հնչեցրել Ռուսաստանը, Մելքոնյանն արձագանքեց. - «Մենք որոշում ենք ում հետ զորավարժություն անենք, նրա հետ էլ անում ենք։ Ով ինչ կմտածի, թող մտածի»։

Ընդդիմությունից մինչդեռ ահազանգում են՝ հայ- ռուսական հարաբերություների վերջին շրջանի լարվածությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը շեշտում է, որ անկախ խնդիրներից, Ռուսաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ գլխավոր դերակատար և բոլոր գործընթացներում ունի ազդեցություն, հետևաբար այսպիսի իրավաիճակում Ռուսաստանի դեմ դեմարշը կարող է Հայաստանի և Արցախի համար ունենալ շատ ծանր հետևանքներ. - «Դրան զուգահեռ, ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը աշխատում են Ռուսաստանի հետ՝ իրենց շահերը առաջ մղելու համար, այլ ակնհայտորեն Թուրքիան գալիս է առաջին պլան։ Եվ այս իրավիճակում չեմ կարծում, թե Հայաստանում վաղը կգտնվի որևէ միամիտ մարդ, որ կարող է մտածել, թե իրադարձությունները կարող են մեր համար դրական որևէ արդյունք ունենալ»։

Ընդդիմադիր Դաշնակցության համոզմամբ, հայ-ռուսական հարաբերությունների լարվածության պատճառը Հայաստանի կողմից արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունն է։

«Փորձ են անում դեպի Արևմուտք շեղվել։ Բայց կարծեմ իրանք որ արևմուտք են նայում, տեսնում են Թուրքիային։ Ֆրանսիան Հայաստանից արևմուտք չի երևում, ոչ էլ Միացյալ Նահանգներն է երևում։ Այս տարածաշրջանի համար պատմականորեն պայքարել են Ռուսաստանը և Թուրքիան։ Այնպես որ հաշվարկները շատ սխալ են։ Ինքներդ հիշում եք անգլիական նավերի և հայկական սարերի մասին», - ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արթուր Խաչատրյանը։

Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին ուղիղ հայտարարություն Հայաստանի իշխանությունը չի արել, սակայն անցած շաբաթ վարչապետ Փաշինյանը իտակական «Լա Ռեպուբլիկա»-ին տված հարցազրույցում ռազմավարական սխալ էր համարել անվտանգային ոլորտում մի տեղից՝ Ռուսաստանից կախվածություն ունենալը։ Ինչպես նա էր ձևակերպել՝ Հայաստանն այժմ «աղոտ փորձեր» է անում դիվերսիֆիկացնելու անվտանգային քաղաքականությունը։

XS
SM
MD
LG