Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի պնդումները, թե սեպտեմբերի 11-ին ժամը 20։40-ի և 22։00-22:10-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերթական ապատեղեկատվություն է համարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդումը։
Ստեփանակերտն էլ հայտնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է իրականացնել հերթական սադրանքի տեղեկատվական նախապատրաստությունն՝ արդեն հատելով տրամաբանության սահմանները։
Բաքուն հաղորդել է, թե ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին ժամը 08։30-ի սահմաններում, շան վզին ամրացրել են ինքնաշեն պայթուցիկ սարք և ստիպել են շանն անցնել ադրբեջանական կողմ և իրականացնել «ահաբեկչական» գործողություն։
Ստեփանակերտն ամբողջությամբ հորինված և կեղծիք է համարում Բաքվի պնդումը, այն համարելով Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած հերթական ստահոդ հաղորդագրություն։