Մատչելիության հղումներ

Ռուսական հումանիտար օգնությունն Ասկերանով Արցախ չի մտել. բեռնատարը կայանված է Ադրբեջանի Բարդա քաղաքում


Երկրորդ օրն է Ադրբեջանի Բարդա քաղաքում կայանված մնացել է դեղին բեռնատարը, որ դեռ երեկ պիտի Աղդամով մտներ Ստեփանակերտ:

Մթերքով լի այդ բեռնատարի մոտից ադրբեջանական լրատվամիջոցներն են պարբերաբար ուղիղ եթեր ապահովում՝ վերջին ժամերին միայն հարցեր են հնչում՝ ինչո՞ւ ղարաբաղցի հայերը չեն ցանկանում Ռուսաստանից ուղարկված սննդամթերքը. Ղարաբաղի հայերը կընդունե՞ն պարենային օգնությունը։

«Ոչ մի ռուսական մեքենա, Ադրբեջանից հումանիտար օգնություն կամ որևիցե բեռ չի տեղափոխելու Արցախի Հանրապետություն, եթե արցախցին ունի կարիք, ունենք միայն մեկ ճանապարհ, դա Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է», - նշեց արցախցիներից մեկը:

Ասկերանի ճանապարհը արցախցիները շարունակում են փակ պահել, վստահեցնում են՝ Ադրբեջանից Արցախի մուտքը փակ է: Ռուսական օգնության երթը, սակայն, Ասկերանի մոտ հերթապահող արցախցիները չեն խաթարել, քանի որ այդ մեքենան նույնիսկ Աղդամ չի հասել։

Արցախի իշխանությունն էլ հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ռուսական Կարմիր խաչի նշանով դեպի Արցախ շարժվող մարդասիրական օգնությունը։ Պաշտոնական Ստեփանակերտը հայտնեց նաև զուգահեռ Լաչինի միջանցքը մարդասիրական բեռների համար բացելու պայմանավորվածության մասին։ Սրան հետևեց ադրբեջանական արձագանքը, թե ռուսականի բեռի մուտքը Ստեփանակերտ առանձին պայմանավորվածություն է, չշփոթել Աղդամն ու Լաչինը միաժամանակ բացելու առաջարկի հետ:

«Ադրբեջանը դարձյալ նոր պայմաններ ունի»

Ադրբեջանը դարձյալ նոր պայմաններ ունի, վստահ է Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը. - «Ռուսական ուղեբեռից բացի նաև ադրբեջանական Մահիկի բեռնատարների մուտք Արցախի Հանրապետության տարածք: Սա, բնականաբար, ընդունելի չի եղել Արցախի իշխանությունների կողմից»:

Պաշտոնական Ստեփանակերտն առայժմ Բարդայում բեռների արգելափակմանը չի անդրադարձել։ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը տեղյակ է ադրբեջանական նույն պայմանի մասին՝ Մոսկվայի օգնությունը պիտի Աղդամ մտնի 40 տոննա ադրբեջանական ալյուրի հետ։ Մի հարց էլ կա. - «Եթե Ադրբեջանը թույլ է տալիս, որ Ռուսաստանից ուղարկված Կարմիր խաչի միջոցով հումանիտար օգնությունը մտնի Արցախ, փաստորեն, դառնում է Ռուսաստանի համար ևս մի միջանցք կամ ճանապարհ բացած, որպեսզի այստեղ օգնություն հասնի, մատակարարում լինի, և սա Ադրբեջանին ձեռք չի տալիս»:

Արթուր Օսիպյանի խոսքով՝ նախկինում ռուսները մի քանի անգամ Աղդամի ճանապարհով շինանյութ են Արցախ հասցրել և Ադրբեջանը արագ դադարեցրել է այդ մատակարարումը:

«Բնականաբար, ադրբեջանական կողմը ոնց որ միշտ, հենց մի պայմանավորվածություն կա, որը ինչ-որ չափով գոնե նաև մեր օգտին է, խոչընդոտելու է, նոր պայմաններ է դնելու: 30 տարի է՝ իրենք իրենց բանակցություններն են այդպես վարում», - ասաց Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահը:

Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը չի բացառում, որ Թուրքիան կամ այլ դերակատարներ՝ այդ երկրի միջոցով փորձել են տապալել ռուսական առաջարկը:

«Երկրորդ հանգամանքը, որ այս պահին կուզենայի խոսել այն է, որ Ադրբեջանն, իմ տպավորությամբ, փորձում է տապալել այս պրոցեսը, և դրանով իսկ հիմք է նախապատրաստել Արցախի և զուգահեռ նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի համար», - ընդգծեց Աբրահամյանը:


Բաքվի պնդումներն անփոփոխ են՝ իրենք ճանապարհ չեն փակել, Հայաստանը սև քարոզչությամբ է զբաղված, «Ռոյթերզ»-ին ասել է այդ երկրի արտգործնախարարության խոսնակը:

«Հենց հիմա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը բախվում է լուրջ մարտահրավերների։ Պատճառը Հայաստանի քաղաքական ու ռազմական սադրանքներն են, միաժամանակ հրաժարվելը այս իրավիճակի հանգուցալուծման շուրջ ձեռք բերված նախնական պայմանավորվածություններից։ Լաչինի ճանապարհի փակման վերաբերյալ մեղադրանքները անհիմն են։ Ադրբեջանը իրականացնում է մարդկանց, ինչպես նաև դեղամիջոցների ու այլ ապրանքների տեղափոխում Կարմիր խաչի միջոցով», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն։

Ամիսներ շարունակ թե՛ Կարմիր խաչը և թե՛ ռուս խաղաղապահները ոչ մի կիլոգրամ սնունդ, դեղ, առաջին անհրաժեշտության ապրանք չեն կարողանում Արցախ հասցնել։

Պաշտոնական Ստեփանակերտը Արցախում իրավիճակը աղետ բառով է նկարագրում։ Հակարիի ադրբեջանական անցակետը շարունակում է փակ մնալ նաև հումանիտար աջակցության առջև... Կոռնիձորում շարված են Հայաստանի կառավարության ուղարկած 400 տոննա մթերքն ու դեղորայքը, ևս երկու բեռնատար քաղցրավենիք «Գրանդ քենդի»-ից, Ֆրանսիայի 10 բեռնատարներն են նաև անցակետի մոտ սպասում:

Բաքուն պնդում է իր օգնությունը Աղդամից՝ 40 տոննա ալյուր էլ այդտեղ է և ռուսական մի բեռնատար Բարդայում, որ այդպես էլ Աղդամ չհասավ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG