Մատչելիության հղումներ

Զախարովան «բռիություն» է որակել Ալեն Սիմոնյանի քննադատությունը և կոպտել Փաշինյանին


Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօրվա բրիֆինգում ասել է, որ Լաչինի միջանցքի հետ կապված հայկական կողմից հրապարակային հռետորաբանությունը «բռիության եզրին» է, ինչը սազական չէ Հայաստանի քաղաքական գործիչներին։

«Հասկանում եմ, որ այնտեղ բոլորի դերերը բաշխված են՝ ով ինչ հայտարարի, ով ինչպես խոսի, բայց ամեն դեպքում դա սազական չէ Հայաստանի հանրությունը ներկայացնող մարդկանց՝ օգտագործելու նման արտահայտություններ, ինչը վերջին շրջանում մենք քիչ չենք տեսնում և լսում», - ասել է Զախարովան՝ արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի քննադատությանը Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի հետ կապված։

ՌԴ ԱԳՆ խոսնակն արձագանքել է նաև վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, ով սխալ էր համարել երկրի անվտանգությունը միայն Ռուսաստանի հետ կապելու քաղաքականությունը։ Զախարովան ասել է, թե պետք է պատասխանել սեփական արարքների համար, այլ ոչ թե մեղավորներ փնտրել ու մեղքը բարդել ուրիշների վրա։

«Դրանում է կայանում քաղաքական, պետական գործչի տարբերությունը ազգային շահերի, իր երկրի մասին չմտածող, անցնող մարդու միջև։ Պետք է կարողանալ պատասխանել սեփական արարքների համար, այլապես դա փոքր-ինչ նմանվում է վատ պարողի պատմությանը», - ասել է նա։

Մեկ այլ հարցի պատասխանում Զախարովան ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանի վերջին միջադեպը և հայ զինծառայողների զոհվելը ևս մեկ անգամ ապացուցում է Եվրամիության դիտորդական առաքելության անարդյունավետությունը։

Նա նորից կրկնել է ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության տեղակայման առաջարկը, հավելելով, թե այդ հարցում գնդակը Երևանի դաշտում է, մյուս անդամ պետությունները պատրաստ են այդ քայլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG