Մատչելիության հղումներ

«Տարակուսանք և հիասթափություն». Երևանն արձագանքում է Մոսկվային


«Տարակուսանք և հիասթափություն»․ պաշտոնական Երևանը Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցչի երեկվա մեկնաբանությունը, թե Լաչինի միջանցքում ներկայիս իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու հետևանք է, նույնաբովանդակ և հիասթափություն առաջացնող է որակում։ Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը նախ հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև. այն իր էությամբ մշտապես եղել և շարունակում է լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հիմնահարց:

«2022թ. օգոստոսին հայկական կողմն իր հավանությունն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական նախագծին, համաձայն որի ԼՂ կարգավիճակի քննարկումը պետք է հետաձգվեր անորոշ ժամանակով։ Ադրբեջանն այդ նախագիծը մերժել է՝ զուգահեռաբար հայտարարելով (ինչպես օգոստոսի 31-ին Բրյուսելում), որ չի պատրաստվում Լեռնային Ղարաբաղի հետ կապված ոչինչ քննարկել Հայաստանի հետ, և օրեր անց՝ սեպտեմբերի 13-ին, ռազմական ագրեսիայի է դիմել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակը`հավելելով, որ ռուսական կողմը ոչ միայն հետամուտ չի եղել իր առաջարկին, այլև բացարձակ անտարբերություն է դրսևորել, երբ անցած տարի Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, նույն պահվածքը դրսևորել է Ռուսաստանի առաջնորդած ռազմական դաշինքը՝ ՀԱՊԿ-ը։

Ռուսական կողմը մշտապես պնդում է, որ իրավիճակը փոխվել է, երբ Պրահայում անցած հոկտեմբերին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ի պատասխան պաշտոնական Երևանը ընդգծել է, որ երբ անցած տարի Հայաստանն ու Ադրբեջանը Պրահայում վերահաստատել են իրենց հավատարմությունը 91 թվականին ընդունված Ալմա-Աթայի հռչակագրին, դրանից ոչինչ չի փոխվել նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում։

«ՌԴ-ն բազմիցս, այդ թվում նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ ամենաթարմը և թերևս ամենահատկանշականը՝ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների հաստատման փաստաթղթով նշել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», - նշել է Բադալյանը:

Մինչդեռ երեկ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճիշտ նույն պատճառաբանությունը, թե Հայաստանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեղքը հայկական կողմի վրա էր բարդում։

Հայկական կողմից Զախարովային խորհուրդ են տվել Լաչինի միջանցքի արգելափակումը չկանխելու ու բացման ուղղությամբ ռուսական խաղաղապահների գործողությունների բացակայության պայմաններում զերծ մնալ իրավիճակն էլ ավելի բարդացնելուց։

Ռուս խաղաղապահներին այսօր կառավարության նիստում, ըստ էության, քննադատեց նաև վարչապետ Փաշինյանը, երբ հիշեցնում էր, որ Կոռնիձորում՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ սպասող հումանիտար օգնությամբ 32 բեռնատարներին հնարավորություն չի տրվել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ։

«Սա նշանակում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայությամբ շարունակում է Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը»,- շեշտեց Փաշինյանը։

Արտաքին գերատեսչությունն, իր հերթին, թվարկել է պատերազմից հետո ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում տեղի ունեցած բազմաթիվ միջադեպերը, որոնք չեն կանխվել, ու դրանք ամենաթողության որակում. «Նման ամենաթողության պայմաններում ՌԴ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում դիմում է այնպիսի քայլերի, ինչպիսին են Լեռնային Ղարաբաղի բնակիչների առևանգումը՝ հուլիսի 29-ին Վագիֆ Խաչատրյանի, իսկ օգոստոսի 28-ին՝ երեք ուսանողների օրինակով»:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը կարծում է, որ երեկ Մոսկվան փաստացի վերջնագրերով էր խոսում, նրա խոսքով՝ պաշտոնական Մոսկվան նաև այլ ենթատեքստ էր դրել այդ հայտարարության մեջ. - «Երբ որ Զախարովան ասում է, թե ինտերպրիտացումը փոխում է բովանդակությունը, այն նման արտահայտություն է անում, ես դրանք ուղիղ կապում եմ այդ չակերտավոր, այսպես կոչվող, միջանցք հասկացությանը Մեղրիով՝ Զանգեզուրով։ Եվ սա ինչ-որ չափով նաև նշանակում է, որ դուք այս ճգնաժամը ստացել եք՝ Լաչինը ստացել եք, և այդ ճգնաժամը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք գնում զիջումների Մեղրիի հարցում»։

Մոսկվայից հնչած այս հայտարարությունները, սեփական պատասխանատվության իսպառ բացառումը, ըստ քաղաքագետի, հերթական անգամ ի ցույց են դնում՝ ինչ մեծ փակուղու առջև է կանգնած այսօր Արցախը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG