Մատչելիության հղումներ

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ԼՂ-ի համար ապրանքներ փոխադրող ՌԴ Կարմիր խաչի բեռնատարը շարժվում է Աղդամ, հայկական կողմը դեռ չի արձագանքել


Ղարաբաղի հայերի համար պարեն և ոչ պարենային ապրանքներ փոխադրող Ռուսաստանի Կարմիր խաչի բեռնատարը շարժվում է դեպի Աղդամ, հղում անելով Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալությունը:

Փոխադրումն իրականացվում է Ադրբեջանի Կարմիր մահիկի և Ռուսաստանի Կարմիր խաչի ընկերությունների համագործակցության հուշագրով՝ Ռուսաստանի կառավարության նախաձեռնությամբ:

Բեռնատարը տեղական ժամանակով ժամը 14:30-ին հատել է «Սամուր» անցակետը և շարժվում է Սամուր-Բաքու, Բաքու-Բարդա երթուղով՝ Աղդամի և Ասկերանի ուղղությամբ:

«Բեռը վերջնական նպատակակետ հասցնելուց հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է Ադրբեջանի Կարմիր մահիկի հաղորդագրության մեջ։

Հայկական կողմն ու ռուս խաղաղապահները դեռ լուռ են։

Երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Հայաստանից օգնություն տեղափոխել Լեռնային Ղարաբաղ, եթե Կարմիր մահիկի օգնությունը միևնույն ժամանակ մտնի այնտեղ։ Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքն ու Աղդամի ճանապարհը կարող են բացվել միաժամանակ՝ որպես փորձնական ծրագրի մի մաս, որը կարող է թուլացնել լարվածությունը և առաջ մղել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության բանակցությունները։

Երեկ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմն էր հեռախոսազրույցներ ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի հետ։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը հեռախոսազրույցների մասին գրառումներ էր կատարել X (նախկին Twitter) սոցիալական ցանցում, մասնավորապես, կոչ անելով «բոլոր կողմերին այժմ աշխատել միասին՝ անմիջապես և միաժամանակ բացելու Լաչինի և մյուս ճանապարհները՝ Լեռնային Ղարաբաղ հասցնելու ծայրաստիճան անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG