Բազմաթիվ արցախցիներ շարունակում են հավաքված մնալ Ասկերանում՝ Աղդամի ճանապարհի մոտ, որտեղ ռուսական խաղաղապահների արգելափակոցի դիմաց կանգ են առել 40 տոննա ալյուրով բեռնված ադրբեջանական Կարմիր մահիկի երկու բեռնատարները։ Հավաքվածները մերժում են Բաքվից մթերք ստանալու առաջարկը։
Արցախցի ֆոտոլրագրող Դավիթ Ղահրամանյանը տեղից «Ազատությանը» փոխանցում է, որ մարդիկ վրաններ են տեղադրում, մտադիր են գիշերել այնտեղ։ Մի քանի ժամ առաջ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը ևս «Ազատությանն» ասել էր, որ հավաքվածները մեկ ասելիք ունեն՝ ադրբեջանական կողմի՝ Աղդամով ուղարկած բեռը չեն ուզում։
Բեռը Աղդամ հասավ օրվա երկրորդ կեսին։ Կարմիր Մահիկից հայտնեցին, թե սպասում են ռուս խաղաղապահների պատասխանին՝ «պայմաններ ստեղծելու բեռների առաքման համար»: Ապա Աղդամ հասած ադրբեջանցիները ռուսական խաղաղապահների արգելափակոցի առջև վրաններ տեղադրեցին։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը, այսօր ավելի վաղ մեկնաբանելով Աղդամով մարդասիրական օգնություն ուղարկելու Բաքվի քայլը, հայտարարել էր, որ «արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել»: