Մատչելիության հղումներ

Ըստ արցախցի ընդդիմադիր պատգամավորի՝ իշխանություններին բազմիցս են հորդորել որոշումներ կայացնել


«Լաչինում անցակետի տեղադրումը համապատասխանում է միջազգային իրավունքին ու վկայում է Ադրբեջանի տարծաքային ամբողջականության վերականգնման մասին» ,- այսօր հենց Լաչինում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը, որը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ մասնակցում է «Լաչինի օր» անունը կրող տոնակատարությանը։

«Ապրիլի 23-ին Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին հսկիչ-անցագրային կետ տեղադրվեց։ Մենք դա արեցինք կամք, համարձակություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն դրսևորելով», - հայտարարել է նա։

Ադրբեջանի նախագահն ընդունում է, որ անցակետի տեղադրումից հետո միջազգային հանրությունից Բաքվի վրա ճնշում կա, բայց միաժամանակ վստահեցնում է՝ «իրենց ոչինչ չի կարող շեղել ճանապարհից». - «Անցակետի տեղադրումը մեր տարածքային ամբողջականության լիարժեք վերականգնում է նշանակում։ Մենք դա արել ենք միջազգային իրավունքի շրջանակում, մենք պաշտպանում ու պաշտպանելու ենք մեր տարածքն ու սահմանները»։

Լաչինում տոնախմբություն կազմակերպած Ալիևն անցակետի տեղադրումից հետո Արցախում ստեղծված հումանիտար աղետին, Բաքվի հասցեին մեղադրանքներին ու միջանցքը բացելու՝ միջազգային ատյանների որոշումներին չի անդրադառնում։

Հունիսի 15-ից վեր միջանցքն ամբողջությամբ փակ է, հումանիտար բեռներ Արցախ չեն մտնում, և միայն օրերս վերսկսվեց հիվանդների տեղափոխությունը, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ էլ համալսարաններ ընդունվածներն են Հայաստան գալիս։

«Պետք է համարձակություն ստանձնել և հստակ բարձրացնել բոլոր այն խնդիրները, որոնք կան, և ներկայացնել հստակ առաջարկներ դրանք լուծելու ուղղությամբ, լսել հակառակ կողմին ու կարծիք արտահայտել դրանց առնչությամբ։ Իհարկե, համաձայն եմ՝ այդ ամենը կարող է նաև որևէ արդյունք չտալ, բայց դա ևս որոշակիություն է։

Անորոշությունն ուժասպառ է անելու մարդկանց, պետք է պատասխանատվություն ստանձնել և քայլեր ձեռնարկել»,- երեկ հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ կարծիք հայտնելով, թե պետք է դիմել ռուսական կողմին Բաքվի հետ չեզոք, անվտանգ վայրում հանդիպում կազմակերպելու առաջարկով. - «Ես համոզված եմ, որ Ռուսատանի Դաշնությունն ունակ է կազմակերպել ստեղծված իրավիճակի քննարկման նպատակ հետապնդող հանդիպում, պետք է կանգ առնել և հստակ հասկանալ, թե ուր ենք գնում և ինչ ճանապարհով, ում օրակարգով և ինչպես, այդ ընթացքում առաջ քաշելով նաև սեփական օրակարգը։ Այդ հանդիպմանն արդյունքները պետք է ներկայացնել հանրությանը և դրանից հետո ընդունել համապատասխան որոշումներ»։

Ոչ ռուսական և ոչ էլ ադրբեջանական կողմը Ստեփանակերտի այս առաջարկի վերաբերյալ հրապարակային մեկնաբանություն առայժմ չեն տվել։ Առայժմ չի հաղորդվում նաև՝ արդյոք Ստեփանակերտն արդեն դիմել է ռուսական կողմին, թե ոչ։ Հայտնի է, սակայն, որ նախկինում ծրագրված մի քանի հանդիպում չի կայացել, կողմերը դրանց տապալման համար իրար են մեղադրում։

«Իշխանությունները ազնիվ չեն մեզ հետ, նրանք մեզ ինֆորմացիա չեն տալիս, նրանք ընդամենը երբ որ քննարկումներ, հանդիպումներ լինում են, ասում են, որ Ադրբեջանը սա է պահանջել, և հա ու չէ-ի հարց են դնում, որն անընդունելի է, եթե չունես ինֆորմացիան, որ վերլուծես», - ասում է Արցախի ազգային ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ հավելելով. - «Բազմիցս ենք իշխանություններին հորդորել ու ասել՝ պարտավոր եք որոշումներ կայացնել»։

Ի՞նչ կարող է տալ հնարավոր հանդիպումը, Գալստյանը կանխատեսումներ անել չի ցանկանում, պնդում է՝ իշխանություններն իրենց հետ իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությամբ չեն կիսվում. - «Այ այդ է անգործությունը, չի ընկալվում, ժողովրդին թողած ինքնահոսի, ամեն մեկն իր հոգսերով, և իշխանությունն իր անգործության պատճառով հասցրել է անդունդի եզրին, և մենք արդեն գլորվում ենք անդունդ, իսկ իշխանությունը առայժմ տեղից չի շարժվում, որ այս ժողովրդի օրվա խնդիրները թեկուզ լուծի, էլ չեմ խոսում արտաքին քաղաքականությունից, որտեղ չունեն միասնական կարծիք՝ չեն կարողանում ձևակերպել միասնական կարծիք Հայաստանի իշխանությունների հետ, քանի որ Հայաստանի իշխանությունները փորձում են արցախցիներին թողնել միայնակ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ», - ասաց նա։

Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություններ է անցկացնում քաղաքական ուժերի հետ Աղդամի ճանապարհի հարցով։ Բաքուն պնդում է, որ արցախցիները Ադրբեջանից հումանիտար օգնություն ստանան։ Նախագահականը միայն տեղեկացրեց, որ Հարությունյանը առաջիկայում իրավիճակի և իշխանությունների մոտեցումների վերաբերյալ տեղեկություններն անձամբ կհանրայնացնի, ինչը մինչ այս պահը չի արել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG