Հումանիտար բեռների առաքումն Աղդամից Ստեփանակերտ կլինի Հայաստանից մատակարարումների փոխլրացումը, «Ալֆա նյուզին» տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով՝ Բրյուսելը շարունակում է պահանջել Լաչինի միջանցքի ապաշրջափակումը։
«Լաչինի միջանցքը պետք է բացվի, միևնույն ժամանակ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր առաջարկից նույնպես պետք է օգտվել, ոչ այլընտրանք Լաչինին, այլ որպես դրա լրացում», - նշել է Կլաարը:
Եվրոպացի արդեն երկրորդ պաշտոնյան է խոսում Ադրբեջանի տարածքով Արցախ հումանիտար մատակարարումներ իրականացնելու կարևորությունից։ Բաքվի այդ առաջարկը միջազգային դերակատարների բառապաշար մտավ մասնավորապես Փաշինյան-Ալիև վերջին բանակցություններից հետո, երբ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելը հստակ ասաց, որ թեմային բրյուսելյան հանդիպմանն անդրադարձ եղել է։
Ի՞նչ է պատասխանել վարչապետ Փաշինյանը, արդյոք այդ հարցով համաձայնություն է ձեռք բերվել, փորձել ենք ճշտել նրա աշխատակազմից։ Նաև հետաքրքրվել՝ հնարավո՞ր է Ադղամով ճանապարհի բացումն է Լաչինի միջանցքը ապաշրջափակելու՝ Ադրբեջանի պահանջը։ Գրավոր հարցմանը պատասխան դեռ չենք ստացել։
Ավելի վաղ ԱԳՆ-ից առանց կոնկրետության ու Աղդամին անդրադառնալու, փոխանցել էին՝ Հայաստանը հետևողականորեն պահանջում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացում, և դա արտացոլվում է նաև գործընկերների հետ բոլոր քննարկումներում:
«Արցախյան կողմից որևէ համաձայնություն այդ ճանապարհն օգտագործելու համար չկա»
«Մենք չենք պատկերացնում՝ ո՞նց կարող է հումանիտար բեռը Աղդամով տեղափոխվի այն դեպքում, եթե կա Լաչինի միջանցքը, որը պիտի գործի անխափան», - ասաց «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:
Արցախի իշխող՝ «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության ղեկավարը պնդում էր՝ Աղդամով հումանիտար բեռների տեղափոխման որևէ համաձայնություն չկա։ Իրենք մերժում են ադրբեջանցիների առաջարկը։
«Արցախյան կողմից որևէ համաձայնություն այդ ճանապարհն օգտագործելու համար չկա, և մեր դիրքորոշումն այն է, որ կա միջազգայնորեն ստանձնած պարտավորություն Լաչինի միջանցքի անխափան գործունեության մասով, և դա պետք է անհապաղ կատարվի», - նշեց Հարությունյանը:
«Ազատության» հարցին՝ Հայաստանի հետ կապի մե՞ջ են, օրինակ, վերջին բանակցություններից տեղյա՞կ են, «Ազատ հայրենիք ՔՄԴ» խմբակցության ղեկավարը պատասխանեց. - «Իհարկե, կապի մեջ ենք: Այո, տեղյակ ենք և մեր դիրքորոշումը ներկայացրել ենք՝ եթե խոսքը վերաբերում է ճանապարհին, որը նշեցիք, այդ ճանապարհի օգտագործմանը, մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք»:
Իսկ առանց արցախյան կողմի դիրքորոշման Հայաստանը կարո՞ղ էր համաձայնություն տալ, Հարությունը նշեց, - «Ոչ: Ոչ պետք է Լաչինի միջանցքով անխափան երթևեկությունը վերականգնվի: Եվրոպացի պաշտոնյաները չգիտես ինչի խոսում են անընդհատ հումանիտար բեռների, այսինքն, ըստ իրենց պատկերացման, եթե Արցախի ժողովուրդը պետք է ապրի, գոյատևի միայն հումանիտար բեռների ներկրմամբ և այդ հարցում այլընտրանքային ինչ-որ լուծումներ են փնտրում, չեմ կարծում, որ դա որևէ արդյունք է տալու: Ավելի լավ կլինի խոսեն Հաագայի միջազգային դատարանի որոշման կատարման, ՄԻԵԴ-ի որոշման կատարման, նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման, այսինքն, ավելի լավ կլինի, որ իրենք ճնշումներ գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը կատարի իր ստանձնած պարտավորությունը»:
Արթուր Հարությունյանը տեղեկություն չուներ, թե, հնարավո՞ր է, Ադղամի ճանապարհի բացումն է Լաչինի միջանցքը ապաշրջափակելու՝ Ադրբեջանի պայմանը։
Յոթ ամիս Հայաստանի հետ կապից կտրված, իսկ վերջին մեկ ամսվա մեջ լիակատար շրջափակման մեջ հայտնված արցախցիներն ասում են՝ իրավիճակը ծայրահեղ ծանր է՝ մեկ ամսից ավելի Արցախ որևէ բեռ չի մտել։ Այնուհանդերձ, ուտելիքի, վառելիքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի պայմաններում ապրող արցախցիները երեկ ակցիայով պատասխանեցին հումանիտար օգնություն ուղարկելու Ադրբեջանի առաջարկին՝ բետոնե արգելապատնեշներ տեղադրելով Ասկերան - Աղդամ ճանապարհին՝ պարզելով «Ճանապարհ դեպի մահ» գրությամբ պաստառներ։
Լաչինում ադրբեջանական անցակետում էլ նույնանման արգելապատնեշներ նաև բոլոր տեսակի բեռնափոխադրումներն արգելող Բաքուն է տեղադրել։
Արցախցիները համոզված են՝ ինքնորոշման իրենց իրավունքը սակարկման ենթակա չէ, քանզի Ադրբեջանն իր քայլերով է ցույց տալիս՝ նպատակը իրենց ֆիզիկական ոչնչացումն է։
«Ադրբեջանն այս անտանելի պայմանները ստեղծում է, մտածելով, որ այս զրկանքները կրելով, մենք հասնելու ենք մի կետի, որտեղ մենք էլ չենք կարողանալու դիմադրել կամ պայքարել: Դա իրականում սխալ հաշվարկ է, և մենք չենք կանգնելու մեր պայքարի ճանապարհին», - ասաց Հարությունյանը:
Կլարարը նշել է՝ առաջ են մղում Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսությունը
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերջին հարցազրույցում նաև ասել էր՝ առաջ են մղում Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսությունը։ Եթե Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու իրավունքները երաշխավորող լուծումը գտնվի, մարդիկ կկարողանան իրենց տներում ապահով զգալ ու ապագայի հեռանկար ունենալ: Սակայն ոչ Կլաարը, ոչ էլ Միշելը չեն հստակեցնում՝ միջազգային ներգրավվածություն այդ երկխոսության մեջ տեսնում են, թե՝ ոչ՝ մի առաջարկ, որ Երևանն է առաջ մղում, Բաքուն՝ կտրականապես մերժում։
«Ազատությանը» հայտնի է դարձել, որ անցած շաբաթ Ժնևի միջազգային քննարկումների շրջանակներում շփվել են Տոյվո Կլաարը, ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական, Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Տեղեկությունը «Ազատությանը» փոխանցած անանուն աղբյուրը, սակայն, մանրամասներ չի հայտնել քննարկումների բովանդակությունից՝ արդյոք հայ - ադրբեջանական բանակցություններում ներգրավված Եվրամիության, Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի դիվանագետները հենց Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային ներգրավվածությունն են քննարկել։