Հայաստանը օգոստոսի 28-ին դիմել է ՄԻԵԴ Լաչինի միջանցքից առևանգված 3 տղաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով:
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանի խոսքով՝ Երևանը դատարանից պահանջել է հրատապ միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին «ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ոտնձգում են գերեվարվածների կյանքի իրավունքն ու ֆիզիկական անվտանգությանը` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի հոդվածներին համապատասխան»։
Հայկական կողմը հիմանվորել է, որ «հաշվի առնելով Ադրբեջանի՝ տարիների ընթացքում դրսևորած վարքագիծը Ադրբեջանի տարածքում հայտնված էթնիկ հայերի նկատմամբ, ինչպես նաև այդ երկրում առկա ատելության ֆոնը՝ կա ռիսկ, որ Ադբեջանում կխախտվեն երիտասարդների հիմնարար իրավունքները»։
Օգոստոսի 28-ի կեսօրին Հակարիի անցակետից ադրբեջանցի սահմանապահները առևանգեցին Արցախի Մարտունի քաղաքի երեք բնակիչների՝ Ալեն Սարգսյանին, Վահե Հովսեփյանին ու Լևոն Գրիգորյանին։ 20-22 տարեկան ուսանողները գալիս էին Երևան կրթությունը շարունակելու։ Տղաներն, ըստ Բաքվի, տասնօրյա վարչական կալանքի են ենթարկվելու, ինչից հետո կվտարվեն Ադրբեջանից: Բաքուն նրանց մեղադրում է Ադրբեջանի դրոշը հրապարակավ անարգելու մեջ: