Մատչելիության հղումներ

Փարիզի և Բաքվի հարաբերությունները շարունակում են սրվել


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և ԱԳ նախարար Կատրին Կոլոնա, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և ԱԳ նախարար Կատրին Կոլոնա, արխիվ

Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները շարունակում են սրվել։ Այս անգամ Բաքվի և Փարիզի միջև ծագած դիվանագիտական լարվածության պատճառը Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկած դեսպանների հավաքն էր, ավելի ճիշտ` դրա ընթացքում հնչած հայտարարություններից մի քանիսը։

Երկուշաբթի օրը աշխարհի ավելի քան հարյուր երկրներում հավատարմագրված ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետների առջև ելույթ ունեցավ նախագահ Էմանjուել Մակրոնը` իր երկու ժամանոց ելույթի առաջին հատվածում հիշատակելով նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։

«Մենք պահանջելու ենք լիարժեքորեն կատարել Լաչինի մարդասիրական միջանցքի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև միջազգային ասպարեզում հանդես կգանք դիվանագիտական նոր նախաձեռնությամբ՝ ճնշումն ուժեղացնելու նպատակով», - դիմելով ֆրանսիացի դեսպաններին հայտարարում էր Մակրոնը։

Նրա այս հայտարարությունից մի քանի ժամ անց պաշտոնական Բաքուն հանդես եկավ կոշտ հակադարձմամբ։

«Ֆրանսիայի նախագահի կողմից «Լաչինի հումանիտար միջանցք» եզրույթի օգտագործումն անթույլատրելի է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության գաղափարի ոտնահարում է հանդիսանում։ Բացի այդ, անհասկանալի է, թե ինչու ֆրանսիական կողմը, որ 30 տարի շարունակ չէր դատապարտում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված ագրեսիան և ադրբեջանական հողերի օկուպացիան, չէր մեկնաբանում մեկ միլիոն փախստականների շուրջ ստեղծված հումանիտար կացությունը, այժմ հիմնական շեշտադրումները դնում է տարածաշրջանում մարդասիրական կացության վրա», - երկուշաբթի օրը հայտարարում էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Բաքվի նյարդային արձագանքը, սակայն, ֆրանսիական կողմին չստիպեց իր հայտարարություններում ավելի շրջահայաց լինել։ Երեկ արդեն, կրկին դեսպանների հավաքի ժամանակ, Բաքվին քննադատում էր Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։

«Փարիզը մոբիլիզացնում է իր ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հասնելու համար, որպեսզի պայմաններ ստեղծվեն երկու երկրների սահմանների դելիմիտացիայի համար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հնարավորություն տրվի ապրել այդ տարածաշրջանում՝ սեփական իրավունքների, մշակույթի և պատմության հանդեպ հարգանքի մթնոլորտում», - հայտարարում էր Ֆրանսիայի արտգործնախարարը՝ հատուկ նշելով, որ այն մեթոդները, որոնք կիրառում է Բաքուն, անթույլատրելի են։

«Խեղդամահության այս ռազմավարության նպատակը Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային արտագաղթ հրահրելն է։ Դա հաստատել է նաև Արդարադատության միջազգային դատարանը։ Նման պահվածքը պարզապես անբարոյականություն է», - ընդգծում էր Կոլոնան։

Ֆրանսիայի արտգործնախարարին հակադարձելու առաքելությունը, ինչպես և Մակրոնի դեպքում, կրկին դրվեց Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեի ուսերին, որն էլ Կատրին Կոլոնայի հայտարարությունները «սադրիչ և հրահրիչ» որակեց՝ նշելով, որ Ֆրանսիայի արտգործնախարարի նման պնդումներն «անթույլատրելի են և չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը»։

XS
SM
MD
LG