Ութ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում սովի վտանգին զուգահեռ ահագնանում է ջրի խնդիրը։ «Ջրմուղ կոյուղին» երեկ ահազանգեց ջրի սակավության մասին՝ խնդրելով այն օգտագործել խնայողաբար։
«Չոր ու տոթ եղանակի հետևանքով Ստեփանակերտը սնուցող ջրառներում առաջացել է ջրի սակավություն: Ընկերությունն ստիպված ջրամատակարարումն իրականացնում է արտիզան-պոմպերով: Հոսանքի հովհարային անջատումների և վառելիքի բացակայության պատճառով արտիզան-պոմպերն աշխատում են կիսով չափ, հովհարային ռեժիմով»,- հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Գրեթե երկու ամիս Արցախ որևէ գրամ սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության ապրանք չի մտնում. Հայաստանից դեռ երեք շաբաթ առաջ ուղարկված մարդասիրական բեռը մնացել է Հակարիի կամրջի մոտ՝ անորոշ ճակատագրով։ Խանութները դատարկ են, ակտիվություն կա միայն հացի երկար ձգվող հերթերում։
«Մեծս Գոռն է, որ գնում է հացի հերթի, ժամերով կորչում է, որ գալիս է, ասում է՝ մամա ի՞նչ անեմ, հրում են։ Ասում եմ՝ չէ, երեխան մեղք է, ավելի լավ է ես հոգսն ինձ վրա վերցնեմ», - ասում է հինգ զավակների մայր Նունեն։
Նա ելքը գտել է՝ բանջարեղեն է աճեցնում, որ մեղմի սովը․ - «Լոբի ենք հավաքել, եփելու, պատրաստելու համար, մնացածը դրսում չորացնելու»։
Որպես բազմազավակ ընտանիք վերջերս աջակցություն է ստացել, շաքարավազն արդեն կա, բայց երեխաների սիրելի թխվածքի մյուս պարագաները՝ ոչ․ - «Հիմա երեխեքն ասում են՝ մամա, բա թխվածք, ասում եմ՝ հիմա ոչ ձու կա, ոչ մածուն, էդ որտեղի՞ց ստանամ»։
Կամավորների հավաքած սնունդը՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև
Արդեն երեք շաբաթ է Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև է ամբարված կամավորների հավաքած չոր սնունդը՝ ալյուրի, շաքարավազի պարկեր, մակարոնեղեն, ձեթ։ Դեռ շաբաթներ առաջ կամավորները միջազգային այս կազմակերպությունից պահանջում էին սնունդը հասցնել Արցախ, բայց այն դեռ տեղում է։
«Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամները երեք շաբաթ է՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև հերթապահում են՝ ակնկալելով, որ հավաքված սնունդը տեղ կհասցվի։ Նարեկ Այվազյանն այսօր նոր նամակ փոխանցեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նաննա Սկաուին․ - «Մենք ուզում ենք փոխանցել իրենց հերթական հավաքագրված փաստական տվյալները Արցախից, Արցախի մեր քաղաքացիներից, որի նախորդ փաթեթը նախանցած երկուշաբթի էինք փոխանցել, ու ինչի հետ կապված արձագանք եղավ ՄԱԿ-ի ղեկավարի կողմից, այնուհետև այստեղից տեղափոխվեցին զննման Հակարիի կամրջի մոտ»։
Ակտիվիստները հույս ունեն, որ միջազգային կազմակերպության գրասենյակի նոր ղեկավարը կընդունի իրենց՝ քննարկելու մարդասիրական հարցերը։ Նախորդի հետ հանդիպել էին, տեղեկացրել Լաչինի միջանցքի պաշարման ու դրա աղետալի հետևանքների մասին։
«Հաջորդ հարցը, որ կուզեինք քննարկել, միջազգային բազմազգ խաղաղապահներն են, որ ոնց է հնարավոր դա իրականացնել, և ևս մեկ շատ կարևոր հարց, թե Արցախի և Հայաստանի կառավարությունների կողմից ինչ-որ պաշտոնական դիմում ուղարկվել է, որպեսզի հումանիտար աղետի այս ճգնաժամի վերացման հետ կապված գործունեություն իրականացնեն, և դրա հետ կապված նաև մանրամասները քննարկենք», - նշեց նա։
Միջազգային կազմակերպության գրասենյակի առջև հավաքված սննդին այս պահին նորն ավելացնելու կարիք չկա, ասում է Նարեկը։ Երբ դրանք Արցախ հասցնելու մի դուռ բացվի, ակտիվ հավաքագրումը կվերսկսեն. - «Ավելի շատ հավաստիացումներ ենք ստանում, որ երբ որ պետք լինի բեռը տեղափոխել, կամ երբ որ ձեզ պետք լինի այստեղ ավելացնել բեռը, մենք պատրաստակամ ենք»։
Մեկօրյա հացադուլներ
Նույն այս վայրում՝ սննդի պարկերի մոտ, արդեն երեք շաբաթ է հերթով մեկօրյա հացադուլ են անում «Կանայք հանուն նախաձեռնության» անդամները՝ այդպիսով իրենց աջակցությունը հայտնելով Արցախի կանանց։
«Պարզապես անհնար է այս վիճակում թողնել նրանց մենակ», - ասում է արցախցի Լարա Սևումյանը։
Նա ու նախաձեռնության մյուս անդամները ևս ՄԱԿ-ի ղեկավարությանն ուղղված նամակներում պատմել են հայրենակիցների դժվար կյանքի մանրամասները. - «Նաև փոխանցվեց երկու օր առաջ մեր նախաձեռնող կանանց միջոցով լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի փաստահավաք գրքույկը»։
Շրջափակման պատճառով հարազատներս չկարողացան վերջին հրաժեշտը տալ 44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութից Երևան տեղահանված տատիկիս, հուզմունքը զսպելով ասում է արցախցի կինը։
Մտահոգվում է՝ հեռու չէ այն օրը, երբ մնացած սնունդն էլ կվերջանա, երբ թերսնուցումից ու դեղորայքի պակասից աճել են մահերն ու հիվանդությունները։ Նրա պահանջը միջազգային կառույցներից մեկն է. - «Կտրուկ քայլեր ձեռնարկեն, ոչ թե կոչեր անեն ու լռեն, այլ քայլերով ապացուցեն, որ իրենք գործում են, գործող կառույց են և անտարբեր չեն»։
Մինչ Արցախում ահազանգում են խորացող ճգնաժամի մասին, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Հակարիի կամրջի վրա դեռ գարնանը անցակետ տեղադրած Բաքուն պնդում է՝ իր տարածքում ինքն է որոշում՝ ինչպես տեղաշարժվել ու հումանիտար օգնություն առաջարկում է իր պայմաններով՝ Աղդամի ճանապարհով։
Ստեփանակերտից մինչ այս պահը մերժում են այս առաջարկը՝ Ադրբեջանի տարբերակը համեմատելով համակենտրոնացման ճամբարի պայմանների հետ։