Մատչելիության հղումներ

ՄԱԿ ԱԽ-ը վաղը արտակարգ նիստ կանցկացնի Լեռնային Ղարաբաղի հարցով


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կանցկացնի Հայաստանի պահանջով․ պաշտոնական Երևանը պնդում է, որ «Լեռնային Ղարաբաղը շրջափակված է, և 120 հազար մարդ կանգնած է սովի և լիարժեք հումանիտար աղետի» առաջ, հաղորդում է Associated Press-ը։ Նիստն անցկացնելու համար ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Մհեր Մարգարյանը դիմել է Ամերիկայի դեսպանին, որն այս ամիս նախագահում է Անվտանգության խորհրդում։

Դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդին ուղղված նամակում Մարգարյանը պնդել է՝ հունիսի 15-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ամբողջական շրջափակումը սննդամթերքի, դեղորայքի և վառելիքի խիստ պակաս է առաջացրել։

«Կանխամտածված կերպով բնակչության համար անտանելի կենսապայմանների ստեղծումը ոչ այլ ինչ է, քան զանգվածային վայրագություն, որը թիրախավորում է Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդին՝ ստիպելու նրանց լքել իրենց հայրենիքը», - գրել է Հայաստանի դեսպանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղի հայերը կանգնած են գոյութենական վտանգի առաջ։

Ըստ այդմ, պաշտոնական Երևանը կոչ է արել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու Անվտանգության խորհուրդը «կանխի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»։

Մարգարյանը նաև մեղադրել է Ադրբեջանին Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարը, միջազգային մարդասիրական իրավունքը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվար և հուլիս ամիսների որոշումները խախտելու համար։ ՄԱԿ-ի բարձրագույն դատարանն արձանագրել էր, որ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար», - ասել է Հայաստանի դեսպանը։

Անցյալ շաբաթ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազը ևս զգուշացրել էր, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախապատրաստում էթնիկ հայերի դեմ, կոչ անելով Անվտանգության խորհրդին այդ հարցը ներկայացնել միջազգային տրիբունալ։ Ամիսներ շարունակվող շրջափակման արդյունքում «խելամիտ հիմքեր կան ենթադրելու, որ ցեղասպանություն է իրագործվում», - ընդգծել էր Լուիս Մորենո Օկամպոն։

XS
SM
MD
LG