Մատչելիության հղումներ

Օկամպոյի զեկույցն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ. Մարուքյան


Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի զեկույցն ապագայում կարող է մեղադրական ակտ դառնալ Ադրբեջանի ղեկավարության դեմ, հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Ըստ նրա՝ զեկույցը հիմնված է փաստերի և վերլուծությունների հիման վրա։ Եթե այն կողմնակալ լիներ կամ հիմնված չլիներ փաստերի վրա, ինչպես ադրբեջանական կողմն է հայտարարել, ապա «Հիքմեթ Հաջիևը և ադրբեջանական ողջ քարոզչությունը երբեք ուշադրություն չէին դարձնի դրան և իրենց ժամանակից ոչ մի րոպե չէին ծախսի դրան անդրադառնալու վրա», նշել է Մարուքյանը Թվիթերում։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Լուիս Մորենո Օկամպոյի Լեռնային Ղարաբաղին նվիրված հայտարարությունը «կողմնակալ» է որակել՝ պնդելով, որ դրանում բազմաթիվ «չհիմնավորված պնդումներ ու մեղադրանքներ կան»։

Լուիս Մորենո Օկամպոն Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակի մասին զեկույցում պնդել էր, որ տեղի հայությունը, ադրբեջանական շրջափակման հետևանքով, փաստորեն, ցեղասպանության է ենթարկվում։

«Չկան դիակիզարաններ, չկան սրերով հարձակումներ։ Սովն է այդ ցեղասպանության անտեսանելի զենքը: Եթե կացության անհապաղ դրամատիկ փոփոխություն չլինի՝ հայերի այդ խումբը շաբաթների ընթացքում կկոտորվի», - զեկույցում նշել է Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազը՝ թվարկելով՝ սովը, որպես մարդկանց ոչնչացնելու միջոց,1915-ին կիրառվել է հայերի, 1939-ին՝ հրեաների և լեհերի, 1941-ին՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) բնակիչների, 1975-76 թվականներին՝ կամբոջացիների և 1993-94 թվականների ձմռանը Սրեբրենիցայի բնակիչների նկատմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG