Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ որոշում հնարավոր է, եթե Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնության գան. Լևոն Զուրաբյան


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում հնարավոր է, եթե ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համաձայնության գան, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Լեռնային Ղարաբաղի հարցով արտահերթ նիստ գումարելու պահանջով պաշտոնական Երևանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ։ Հայաստանը ակնկալում է միջազգային կառույցի միջամտությունը:

Ստորև ներկայացնում ենք հատված Լևոն Զուրաբյանի հետ հարցազրույցից.

«Ազատություն». - Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Դուք տարակուսանք էիք հայտնել, թե ինչու Երևանն ինքը չի դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ բանաձև ստանալու համար։ Ահա հիմա դա անում է Երևանը, արդյոք իրավիճակը նույնն է։

Լևոն Զուրաբյան. - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում, չեմ ասում անպայման ռազմական միջամտության մասին, բայց թեկուզ ասենք նրա մասին, որ պահանջ դրվի, որ Ադրբեջանը պետք է անխափան գործունեությունը Լաչինի միջանցքի իրագործի, դա հնարավոր է միայն մեկ դեպքում՝ եթե Միացյալ Նահանգները և Ռուսաստանը համաձայնվում են։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 15 անդամ ունի, որից 5-ը մշտական են, և այդ 5 մշտական անդամներից ոչ մեկը վետո չպիտի դնի, ու մենք հասկանում ենք մի բան՝ եթե Ամերիկան ու Ռուսաստանը համաձայնվում են, դրան կհամաձայնվեն և՛ Միացյալ Թագավորությունը, և՛ Ֆրանսիան, և՛ Չինաստանը, այսինքն՝ այդտեղ ուրիշ խաղեր չեն լինի, իսկ այդ 5-ով արդեն հանգիստ նրանք կարող են մեծամասնությունն Անվտանգության խորհրդում ապահովել, կարող է 1-2 երկու պետություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի ճնշման տակ դեմ լինի, բայց դա որևէ դեր չի խաղա։ Այսինքն՝ նման մեզ համար կարևոր երաշխիքային որոշման համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեզ հարկավոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի համաձայնությունը։ Սա միանշանակ է։

Մտածել, որ առանց այդ երկուսից որևէ մեկի համաձայնության նման բան հնարավոր է, դա հեքիաթներին հավատալու նման մի բան է։

«Ազատություն». - Կա՞ դրա հնարավորություն։

Լևոն Զուրաբյան. - Գիտեք, դա շատ բարդ է, որովհետև մենք տեսնում ենք՝ այսօր կատաղի թշնամական, հակադրական հարաբերություններ են, անհաշտ։ Բայց եկեք, չմոռանանք հետևյալ մի բանը՝ սա աշխարհիկ խոշորագույն երկու գերտերություններն են, որոնք անգամ ամենածանր ճգնաժամներում և հակադրությունների ժամանակ պահպանել են ինչ-որ դիվանագիտական շփման կանալներ, և բնականաբար, նրանք պատրաստ կլինեն համագործակցել երրորդ համաշխարհային պատերազմի սկզբնավորման մի օջախի ստեղծման խափանման գործում, այսինքն՝ համատեղ ջանքերով նրանք շահագրգռված են այնպես անել, որ մի հատ նոր պատերազմ չբոցավառվի ասենք Հարավային Կովկասում, որն այդ պոտենցիալն ունի տարածվելու։

Կոնսենսուսը կարող է հետևյալը լինել՝ Ռուսաստանն ուզում է խաղաղության իր պլանը, որը ապահովում է իր ազդեցությունը, Միացյալ Նահանգները փորձում է դա խափանել, թույլ չտալ դա, նրանք ձգտում են, որ Ադրբեջանը և Հայաստանը ինչ-որ սեպարատ՝ առանց Ռուսաստանի, խաղաղություն կնքեն, որն արդեն Ռուսաստանին խաղից դուրս կդնի։ Այստեղ շատ նուրբ դիվանագիտություն կա, հայկական դիվանագիտություն՝ շատ բարդ, բայց շատ նուրբ, հետևյալ ձևակերպումներն են հնարավոր. մեր դիվանագիտության գլխավոր նպատակը պիտի դառնա Լաչինի միջանցքի անխափան գործունեության մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը։ Սա հնարավոր է։

XS
SM
MD
LG