«Հայերը տապալել են Աղդամի ճանապարհով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո բեռներ տեղափոխելու, դրանից 24 ժամ հետո էլ Լաչինի ճանապարհով, նույն Կարմիր խաչի հովանավորությամբ, փոխադրումներն ակտիվացնելու մասին պայմանավորվածությունները», - ուրբաթ երեկոյան հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով մոսկովյան «Կոմերսանտի» երեկվա հրապարակումը։
Դրա համաձայն, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է բացել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը, դրանից 24 ժամ անց էլ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
«Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի առաջարկությամբ համաձայնեցվել էր Եվլախում Ղարաբաղի տնտեսական շրջանի հայկական բնակչության ներկայացուցիչների և ադրբեջանական կողմի հանդիպումը, բոլոր նախապատրաստական և լոգիստիկ միջոցառումները կատարվել էին», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը՝ պնդելով, որ այս հանդիպումը ևս տապալվել է։
«Չնայած թվարկված քայլերին, Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական գոտու հայկական բնակչության ներկայացուցիչները վերջին պահին խախտել են բոլոր պայմանավորվածությունները», - պնդում է Հաջիզադեն։