Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը ցորենի դաշտում աշխատողների ուղղությամբ կրակ է բացել, ընդ որում, թիրախային. Արցախի ՆԳՆ խոսնակ


Ասկերանի Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանն ասում է՝ երեկ առաջին օրն էր ցորենի բերքահավաքի, սկսվելն ու ընդհատելը մեկ եղավ:

«Մտել ենք դաշտ, երևի մի 15 րոպե չենք աշխատել», - ասաց Գասպարյանը:

Ադրբեջանական ստորաբաժանումները ցորենի դաշտում աշխատողների ու կայանված «Ֆորդ-Տրանզիտ»-ի ուղղությամբ կրակ են բացել հրաձգային տարբեր զենքերից, ընդ որում՝ թիրախային կրակ՝ ըստ Արցախի ներքին գործերի նախարարության խոսնակ Հունան Թադևոսյանի:

«Այնպես են կրակել, որ կպներ վարորդին կամ ուղևորին: Այդ ժամանակ վարորդն ու ուղևորը մեքենայի մեջ չէին, մեքենան կայանված էր դաշտում, ու ջարդվեցին աջ ու ձախ կողմերի ապակիները», - ներկայացրեց Թադևոսյանը:

Տուժածներ, բարեբախտաբար, չկան։ Սարուշենի համայնքապետը շեշտում է՝ ադրբեջանական կրակոցները նորություն չեն, բայց նախկինում օդ էին կրակում:

«Առաջ, որ կրակում էին, օդ էին կրակում, որ հեռանանք: Հիմա տենց բան չկա, առաջին կրակոցը՝ ուղիղ», - նշեց Կարեն Գասպարյանը:

Համայնքի հույսը ցորենի դաշտերն են, որ գոնե հաց ունենան շրջափակման այս ծանր ու չավարտվող փուլում, Սարուշենի ցորենի արտում 70 տոննա հացահատիկ է մնացել. - «Մեզ համար այսօրվա դրությամբ կարևորը բերքահավաքն ա, որ հաց լինի ժողովրդին: Հիմա եթե չկարողանան էդ բերքը հավաքեն, չգիտեմ...»:

Կրակոցների ինտենսիվությունը հուշում է, որ բերքահավաքի այս շրջանը ադրբեջանական կողմի համար էլ է կարևոր, որ հանկարծ Արցախում բերք չհավաքեն. Արցախի ներքին գործերի նախարարության լրահոսում կարդում ենք՝ օրեր առաջ կոմբայնով հունձ անող խնապատցու ուղղությամբ են ադրբեջանցիները կրակել, դրանից էլ առաջ Գիշիի տրակտորիստն էր նրանց թիրախում, Չարեքթար գյուղի բնակիչն իր տնամերձից անգամ բերք չի կարողանում տուն տանել, կրակում են. օպերատիվ լրահոսում Արցախի գրեթե բոլոր համայնքներն են:

«Ադրբեջանական դիրքերը շատ մոտ են դաշտերին, իսկ այս ընթացքում գիտեք, որ հունձի շրջան է, բերքահավաքի շրջան է, հացահատիկահավաք կոմբայններն են թիրախավորվում, քաղաքացիական անձինք, ովքեր այդ տարածքում բերքահավաք են իրականացնում: Շուրջ բոլորը՝ հիմնականում բարձունքների վրա գտնվում են ադրբեջանական դիրքերը: Չնայած որ բոլոր հաղորդումները փոխանցվում են ռուս խաղաղապահներին, միևնույն է գործուն քայլեր առայժմ չկան, և Արցախի բնակիչները բերքահավաքի այս շրջանում նույնիսկ մտավախություն ունեն՝ արդյոք դաշտից տուն կվերադառնան», - ասաց Արցախի ՆԳՆ լրատվական ծառայության ղեկավարը:

Տեղեկատվությունը փոխանցվել է ռուս խաղաղապահներին. այսպես են եզրափակվում պաշտոնական բոլոր հաղորդագրություններն այս կրակոցների մասին։ Բայց խաղաղապահներն իրենք են ականատեսը։ Սարուշենի համայնքապետն ասում է՝ երեկ էլ իրենց կողքին էին. - «Աշխատանքները երբ ուզում ենք իրականացնել, իրանց հետ ենք համագործակցում, իրանք գալիս են կանգնում են, մենք էլ աշխատում ենք: Կանգնած են եղել, իրանք էլ են եղել ըտեղ, իրանց մոտ ա կատարվել էդքանը»:

Ռուս խաղաղապահների պաշտոնական լրահոսում երբեմն ներառվում են հրադադարի այս խախտումները՝ նույն կրկնվող նախադասությամբ՝ հրամանատարությունը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ հետաքննում է դեպքը։

Ճարտարցի Աշոտ Ալավերդյանն ասում է՝ հաճախ կոմբայնավարներն էլ են հրաժարվում գալ ու աշխատել դիտարկվող տարածքում, հասկանում է նրանց:

Իր արտը կիսատ է հնձել շրջափակման առաջացրած մեկ այլ խնդրի՝ վառելիքի պատճառով. - «Արտերիս կեսն եմ հնձել, 600 կիլո ցորեն ա, էս 600 կիլո ցորենը հավին տա՞նք, ալյուր անե՞նք, ի՞նչ անենք, դա մեծ խնդիր ա»:

Բանջարեղեն է աճեցրել, բայց դրանց հասնելու համար անգամ վառելիք չունի:

«4-5 կմ ճանապարհ ա, չեմ կարում գամ-գնամ: Ներկա դրությամբ Ստեփանակերտը շատ կարիքը զգում ա, բայց չենք կարում տանենք», - նշեց Ալավերդյանը:

XS
SM
MD
LG