Մերձմոսկովյան Սերգիև Պոսադ քաղաքում այսօր առավոտյան ուժգին պայթյուն է որոտացել։ Այն տեղի է ունեցել Զագորսկի օպտիկական-մեխանիկական գործարանում։ Հարևան տներում ապակիներ են կոտրվել։
ТАСС-ը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է, թե պայթել է պիրոտեխնիկայով պահեստը, պայթյունի պատճառը մարդկային գործոնն է։ Ինչ է սա նշանակում՝ չեն հայտնում։
Այդուամենայնիվ, դեռևս պարզ չէ՝ սա դիվերսիա է, թե ոչ, և արդյոք պայթյունը կապված է ռուսական բանակի համար զինամթերքի արտադրության հետ։ Կան տուժածներ՝ 50-ից ավելին, սա վերջնական թիվը չէ։ Զոհերի մասին տեղեկություն չկա։ Տեղեկություն կա նաև, որ փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։ Հաղորդվում է նաև գործարանից մարդկանց տարհանման մասին։
Զագորսկի օպտիկական և մեխանիկական գործարանը, ի թիվս այլ բաների, արտադրում է ռազմական արտադրանք: Անցած տարվա հունիսին գործարանում խոշոր հրդեհ էր բռնկվել։
Մինչ այդ, Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի խոսքով՝ իրավիճակը ռազմի դաշտում բարդ է։ Ռուսները փորձում են առաջ գնալ Կուպյանսկի ուղղությամբ։ Մալյարը պնդում է, թե չնայած ռուսների ինտենսիվ գրոհների, ուկրաինական ուժերը կարողանում են կանխել ռուսների առաջխաղացումը։
Իր հերթին, ուկրաինական կողմը շարունակում է հակահարձակումը, հիմնականում հարավում և Բախմուտի մոտ, որտեղ կան հաջողություններ։ Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ նրանց հաջողվում է ամրագրվել նոր դիրքերում։ Թե քանի կիլոմետր է ուկրաինական բանակն առաջ գնացել Բախմուտի մոտ և հարավում, Մալյարը չի հայտնում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նույնպես այսօր հայտարարել է, թե ակտիվ գրոհում են Կուպյանսկի ուղղությամբ և հետ են մղում ուկրաինացիների գրոհները հարավում։
Կիևը պարբերաբար հայտարարում է, թե անպայման ազատագրելու է դեռևս 2014-ին բռնակցված Ղրիմը։ Նախագահ Զելենսկին երեկ նույնիսկ արդեն ասել է, թե ինչ է լինելու Ղրիմը ազատագրելուց հետո. - «Ակնհայտ է, որ Ղրիմը օկուպացիայից ազատելուց հետո կվերադառնան տնտեսական հնարավորությունները՝ մարդկանց անձնական անվտանգության հետ մեկտեղ, և իսկական ազատության զգացում, որը բացակայում է 2014 թվականից: Այնուամենայնիվ, այս ամենը չպետք է լինի պարզապես վերացական. Ղրիմի ապաօկուպացիայի յուրաքանչյուր դետալ պետք է որոշակի նշանակություն ունենա: Ինչպե՞ս է վերականգնվելու բնականոն կյանքը: Սա պետք է հասկանալի լինի բոլորի համար: Քայլ առ քայլ մենք Ղրիմի ազատագրումը դարձնում ենք ավելի հասանելի և մտածված»:
Մինչ այդ անօդաչուներն այս գիշեր կրկին հասել են Մոսկվայի մարզ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, թե օգոստոսի 9-ի գիշերը երկու անօդաչու փորձել է հարձակվել Ռուսաստանի մայրաքաղաքի վրա։
«Երկուսն էլ խփվել են հակաօդային պաշտպանության միջոցով, մեկը՝ Դոմոդեդովոյի շրջանում, երկրորդը՝ Մինսկի մայրուղու տարածքում»,- գրել է Սոբյանինը։
Հարձակման հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։
Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Մոսկվան արդեն բազմիցս ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակմանը։ Մայիսին անօդաչու սարքերը հարվածել էին Կրեմլի պալատներից մեկի գմբեթին, բնակելի շենքերին Նոր Մոսկվայում և քաղաքի կենտրոնում: Հուլիսին երկու անօդաչու թռչող սարքեր հարվածեցին Կոմսոմոլսկի պողոտայում գտնվող Պաշտպանության նախարարության շենքերից մեկին։ Հուլիսի 30-ին և օգոստոսի 1-ին էլ անօդաչու սարքերը գրոհել Էին ժամանակակից Մոսկվայի խորհրդանիշ «Մոսկվա սիթիի» աշտարակներից մեկը։
Երեկ Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղար Օլեքսիյ Դանիլովը հայատարել էր, թե Ռուսաստանի տարածքին ուկրաինական ուժերը հարվածում են բացառապես սեփական արտադրության զենքով և արևմտյան սպառազինություն դրա համար չեն օգտագործում։