Դոնեցկի մարզի Պոկրովսկ քաղաքի երեկվա հրետակոծության հետևանքով 7 հոգի է զոհվել, 82-ը՝ վիրավորվել։ Զոհերի թվում, ըստ ուկրաինական իշխանությունների, 5 խաղաղ բնակիչ կա, վիրավորների թվում է առնվազն 29 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2 երեխա։
«Իսկանդեր» հրթիռները թիրախավորել են սովորական բնակելի շենքերը։ Մեր բոլոր ծառայություններն աշխատում են տեղում։ Ցավոք, կան զոհեր, կան վիրավորներ։ Ցավակցում եմ հարազատներին», - ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նա շեշտել է, թե երեկ երեկոյան ռուսական զորքերը «Իսկանդեր» հրթիռներով երկու հարված են հասցրել Պոկրովսկի կենտրոնին, վնասվել են բարձրահարկ շենքեր, մասնավոր բնակելի շենքեր, սրճարան և հյուրանոց։
Ուկրաինական հակահարձակումը շարունակվում է
Մինչ այդ ուկրաինական հակահարձակումը շարունակվում է. ուկրաինացիները փորձում են առաջ գնալ հատկապես հարավում։ Ռուսական կողմը հայտնել է, թե ուկրաինացի զինվորականները գիշերը փորձել են մտնել Դնեպր գետի ռուսների հսկողության տակ գտնվող ձախ ափի տարածք։ Խերսոնի շրջանի ռուսների նշանակած ղեկավար Վլադիմիր Սալդոն Տելեգրամ ալիքում գրել է, թե ուկրաինացի զինծառայողները դրա համար օգտագործել են նավակներ, որոնք ռուսական կողմը ոչնչացրել է։
Ռուս բլոգերները, սակայն, պնդում են, որ հարձակումն ամբողջությամբ հետ չի մղվել, և Ուկրաինայի զինված ուժերին հաջողվել է հաստատվել Կազաչյի լագերյա գյուղի մատույցներում։ Որոշ աղբյուրների տվյալներով էլ՝ ուկրաինացի զինվորականներին հաջողվել է գրավել ռուսական պաշտպանության առաջին գծի խրամատները:
Ուկրաինական կողմն այս տեղեկությունը չի մեկնաբանել, փոխարենը հայտնել է, որ Բախմուտի ուղղությամբ նախաձեռնությունը մնում է Ուկրաինայինը, միաժամանակ նշել, որ ռուսական զորքերը «ուժգին դիմադրություն» են ցույց տալիս։ Վերջին օրվա ընթացքում Բախմուտի ուղղությամբ տեղի է ունեցել 16 բախում, ռուսական զորքերը ակտիվորեն օգտագործում են ծանր հրետանի և ականանետեր։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից 18 հարձակում է հետ մղվել Բախմուտի, Կլեշչևկայի և Զայցևոյի շրջանում։։
Նախօրեին ուկրաինացիները կրկին պայթեցրել էին Ղրիմը ռուսների վերահսկողության տակ գտնվող տարածքների հետ կապող կամուրջները։ Վերջին շրջանում հաճախակի են նաև հարվածները ՌԴ տարածքին, այդ թվում՝ Մոսկվային։
Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը ազգային հեռուստամարաթոնի եթերում կրկնել է, որ Կիևը Ռուսաստանի անվիճելի տարածքին բազմաթիվ հարվածների համար օգտագործում է միայն սեփական արտադրության զենք։
«Կարող եմ ասել՝ մենք ունենք մեր սեփական արտադրության զենք Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։ Մեր գործընկերներից մենք զենք ենք խնդրում մեր տարածքները ազատագրելու համար», - ասել է նա։
Արևմտյան դաշնակիցները զենք են մատակարարում Ուկրաինային պայմանով, որ այն չօգտագործվի Ռուսաստանի տարածքում: Մոսկվան այդ հարձակումների համար միևնույն է՝ մեղադրում է արևմտյան երկրներին։
ԱՄՆ-ն կհայտնի Կիևին 200 մլն դոլարի հավելյալ ռազմական օգնության մասին
Արևմուտքը, սակայն, շարունակում է օգնել Ուկրաինային։ Այսօր Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինային 200 մլն դոլարի հավելյալ ռազմական օգնություն հատկացնելու մասին, հայտնում է Reuters-ը։
Նոր փաթեթը կներառի ականազերծման սարքավորումներ, Patriot զենիթահրթիռային համակարգերի զինամթերք, Jevelin հակատանկային համակարգեր, HIMARS հրթիռային կայաններ։
Բացի այդ, ԱՄՆ-ը պաշտոնապես հաստատել է Abrams տանկերի առաջին խմբաքանակի առաքումն Ուկրաինա։ Երկուշաբթի օրը ԱՄՆ բանակի մատակարարման և գնումների ծառայության ղեկավար Դագ Բուշը հայտարարել է, թե առաջին տանկերը պետք է Ուկրաինա հասնեն աշնան սկզբին։
«Այժմ դրանք պետք է առաքվեն Եվրոպա, իսկ ավելի ուշ՝ Ուկրաինա, ինչպես նաև այն ամենը, ինչ գալիս է նրանց հետ՝ զինամթերք, պահեստամասեր, վառելիքի սարքավորումներ, վերանորոգման սարքավորումներ: Այսինքն՝ միայն տանկեր չեն, դա ամբողջական փաթեթ է»,- ասել է նա։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը մտադիր է Ուկրաինային մատակարարել 31 Abrams, այսինքն՝ մեկ տանկային գումարտակ։
Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր ԱՄՆ իշխանությունները Կիև են ուղարկել 66,2 միլիարդ դոլարի ռազմական, ֆինանսական և մարդասիրական օգնություն, հաշվարկել է The Washington Post-ը։ Այդ միջոցների մեծ մասը՝ 44 միլիարդ դոլար, ռազմական օգնությունն է:
Միացյալ Նահագների պաշտպանության ողջ բյուջեի ֆոնին, որը կազմում է 1,77 տրիլիոն դոլար, այս ցուցանիշը աննշան է թվում, նշում է The Washington Post-ը։ Այդուհանդերձ, ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային զգալիորեն գերազանցում է այլ երկրներին տրվող օգնությունը, գրում է թերթը։ Օրինակ՝ 2022-2023 թվականներին Իսրայելը ԱՄՆ-ից ստացել է 8,6 մլրդ դոլար, Եգիպտոսը՝ 3,3 մլրդ դոլար, Հորդանանը՝ 2,9 մլրդ դոլար։
Ընդ որում, սա Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Վաշինգտոնի կողմից մեկ այլ երկրի ցուցաբերած ամենամեծ օգնությունն է: