Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչներ Սարա Արքինի և Դեմիան Մերֆիի հետ քննարկել է տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչող հարցերի լայն շրջանակ:
Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքը:
Կողմերը քննարկել են նաև հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր։
ԱՄՆ Սենատի ներկայացուցիչները Հայաստան են եկել հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հանձնարարությամբ։ Նրանք երեկ Կոռնիձորում էին, որտեղ արդեն երկրորդ շաբաթն է անշարժ կանգնած է Հայաստանից Արցախ հումանիտար բեռ տեղափոխող շարասյունը։